Անկարայում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ բանակցությունների ժամանակ բարձրացվել է ռուսական «Գազպրոմբանկ»-ի նկատմամբ պատժամիջոցների թուլացման հարցը, գրում է Hurriyet թերթը։
Նշվում է, որ Թուրքիան պատժամիջոցների ցուցակից բանկը հանելու համար անհրաժեշտ դիմումներ է ներկայացրել ամերիկյան կողմին, ինչը թույլ կտա գործարքներ իրականացնել «Գազպրոմբանկ»-ի միջոցով։ Ամերիկյան կողմը հայտարարել է, որ տեղյակ է դիմումների մասին եւ «դիտարկում է այդ հարցը»։
Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը պարզաբանել է, որ Անկարան Վաշինգտոնին նման խնդրանքով դիմել է, քանի որ «Գազպրոմբանկ»-ի նկատմամբ պատժամիջոցների որոշումը վերաբերում է նաեւ Թուրքիային։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը քննադատել էր «Գազպրոմբանկի» նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ-ի որոշումը, քանի որ, նրա խոսքով, երկիր գազի ներկրման 40%-ը կախված է «Գազպրոմից»։
Նշենք, որ ԱՄՆ ֆինանսների դեպարտամենտը «Գազպրոմբանկը» եւ դրա վեց օտարերկրյա դուստր ձեռնարկությունները պատժամիջոցների ցուցակում ներառել էր 2024 թվականի նոյեմբերի 21-ին: Ֆինանսների դեպարտամենտի հայտարարության մեջ ասվում է, որ Ռուսաստանը «Գազպրոմբանկն» օգտագործում է ռազմական տեխնիկա գնելու եւ ռուս զինվորականներին վճարումներ փոխանցելու համար։