Իսրայելի արտգործնախարարությունը հայտարարել է Դուբլինում երկրի դեսպանատունը փակելու որոշման մասին՝ վկայակոչելով «Իռլանդիայի կառավարության ծայրահեղ հակաիսրայելական քաղաքականությունը»,- գրում է The Times of Israel-ը։
«Իռլանդիայի հակասեմական գործողությունները եւ հռետորաբանությունը հիմնված են հրեական պետության ապալեգիտիմացման եւ դիվահարության, ինչպես նաեւ երկակի ստանդարտների վրա: Իռլանդիան հատել է բոլոր կարմիր գծերը Իսրայելի հետ հարաբերություններում»,- հայտարարել է Իսրայելի վարչապետ Գեդեոն Սաարը։
The Times of Israel-ը հիշեցնում է, որ մայիսին Իսրայելը Իռլանդիայից հետ էր կանչել իր դեսպանին այն պատճառով, որ այդ երկիրը Նորվեգիայի եւ Իսպանիայի հետ հայտարարել էր Պաղեստինի անկախությունը ճանաչելու մասին։ Միաժամանակ, Իռլանդիայի դեսպանը շարունակում էր աշխատել Իսրայելում։
Նախորդ շաբաթ Իռլանդիայի կառավարությունը հայտարարեց, որ կմիանա Գազայի հատվածում պաղեստինցիների նկատմամբ ցեղասպանության հայցին, որը Հարավային Աֆրիկան Իսրայելի դեմ ներկայացրել էր մեկ տարի առաջ Արդարադատության միջազգային դատարանում: Հայտարարության համաձայն՝ Իռլանդիան դատարանին կխնդրի առավել ընդարձակ մեկնաբանություն տալ այն հարցի շուրջ, թե ինչ է նշանակում պետության կողմից իրականացված ցեղասպանություն: