Եվրամիության խորհուրդն ընդունել է Ռուսաստանի նկատմամբ տնտեսական եւ անհատական պատժամիջոցների 15-րդ փաթեթը: Այս մասին հաղորդում է ԵՄ խորհրդի կայքը։
«Միջոցառումները կոչված են լուծելու ԵՄ պատժամիջոցները շրջանցելու խնդիրը եւ ուղղված են Պուտինի ստվերային նավատորմի եւ ռուսական ռազմարդյունաբերական համալիրի թուլացմանը»,- ասվում է հայտարարության տեքստում:
Պատժամիջոցների նոր փաթեթը կվերաբերի 54 ֆիզիկական եւ 30 իրավաբանական անձանց։ Նրանց թվում են Կիեւի «Օխմատդետ» մանկական հիվանդանոցի վրա հարձակման համար պատասխանատու ռազմական միավորները, էներգետիկ ընկերությունների թոփ-մենեջերներն ու Հյուսիսային Կորեայի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ:
Բացի այդ՝ պատժամիջոցների են ենթարկվում նաեւ ռուսական պաշտպանական ձեռնարկությունները եւ նավագնացության ընկերությունները, որոնք կապված են Ռուսաստանի ստվերային նավատորմի հետ: Պատժամիջոցների ցանկում ներառված են երրորդ երկրների 52 լցանավեր (տանկերներ), որոնք ներգրավված են ռուսական նավթի տեղափոխման գործընթացներում։ Ռուսաստանին երկակի նշանակության ապրանքների մատակարարման պատճառով սահմանափակումներ են մտցվել նաեւ Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, Սերբիայի եւ ԱՄԷ-ի 32 ընկերությունների նկատմամբ։
Ի թիվս այլ բաների, ԵՄ խորհուրդն արգելել է Եվրոպական միության տարածքում ճանաչել եւ կիրարկել այն որոշումները, որոնք ռուսական դատարանները կայացրել են Ռուսաստանում՝ ԵՄ ընկերություններին վերաբերող հայցերով:
ԵՄ խորհրդի հայտարարության մեջ նշվում է, որ առաջին անգամ «լիարժեք» պատժամիջոցներ է սահմանվել չինական տարբեր ձեռնարկությունների եւ անձանց նկատմամբ (ճանապարհորդության արգելք, ակտիվների սառեցում եւ տնտեսական ռեսուրսների տրամադրման արգելք):