ԱՄՆ 7-րդ նավատորմի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային խումբը Ronald Reagan ատոմային ավիակրի գլխավորությամբ մտել է Հարավչինական ծովի ջրատարածք:
Նավերի խմբավորումն այդ տարածաշրջանում իրականացնում է ծովում օդուժի թռիչքներ, ռազմածովային զորավարժություններ, ինչպես նաեւ վերջրյա եւ օդային ստորաբաժանումների համակարգված մարտավարական պատրաստություն ներառող անվտանգության ապահովման գործողություններ:
Ենթադրվում է, որ ամերիկյան ռազմածովային ուժերի հայտնվելը Հարավչինական ծովում, հատկապես Չինաստանի վերահսկելի կղզիների մերձակայքում եւ վիճարկվող տարածքային ջրերում, վաղ թե ուշ հարուցելու է Պեկինի բողոքը:
Որպես կանոն, ՉԺՀ-ն ԱՄՆ-ի ռազմական ներկայության ուժեղացումը սույն տարածաշրջանում գնահատում է իբրեւ խաղաղությունն ու կայունությունը խաթարող սադրիչ գործողություններ:
Վաշինգտոնն իր հերթին ընդգծում է միջազգային ջրերում գործելու եւ նավարկության ազատությունն ապահովելու իրավունքը: