Ռուսաստանի խորքում տեղակայված թիրախներին հեռահար զինատեսակներով հարվածներ հասցնելու համար Կիեւին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի թույլտվությունը սխալ էր, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է պատրաստ լինի հասնելու համաձայնության` պատերազմին վերջ տալու համար։ Այսպիսի հայտարարություն արել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Մար-ա-Լագոյի իր առանձնատանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Չեմ կարծում, որ նրանք [ինկատի ունի Բայդենի վարչակազմը] պետք է թույլատրեին Ռուսաստանի խորքում 200 մղոն հեռավորության վրա հրթիռների արձակումը։ [․․․] Եվ իհարկե չպետք է անեին իմ պաշտոնը ստանձնելուց մի քանի շաբաթ առաջ։ Ինչո՞ւ նրանք դա արեցին առանց ինձ հարցնելու: Ես այդպես չէի վարվի։ Կարծում եմ, որ դա մեծ սխալ էր»,- ասել է Թրամփը։ Հարցին, թե արդյոք նա կարող է վերանայել այդ որոշումը, Թրամփը պատասխանել է, որ կարող է:
ԱՄՆ ընտրված նախագահի խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է պատրաստ լինի Ռուսաստանի հետ համաձայնագիր կնքելուն։ «Նա [Զելենսկին] պետք է պատրաստ լինի համաձայանգրի։ Սա ամենն է։ Պետք է համաձայնագիր լինի։ Չափազանց շատ մարդիկ են մահանում: Եվ Պուտինը նույնպես պետք է համաձայնագիր ստորագրի»,- ասել է Դոնալդ Թրամփը՝ միեւնույն ժամանակ խուսափելով պատասխանելուց այն հարցին, թե արդյոք ընդունելի է համարում Ուկրաինայի տարածքային զիջումները՝ խաղաղության հասնելու համար։ Փոխարենը նրա նշել է, որ մարտական գոտում որոշ քաղաքներ գրեթե ամբողջությամբ ավերվել են։
«Եթե նայեք, թե ինչ է տեղի ունեցել այս տարածքում, կարող եք տեսնել, որ կան քաղաքներ, որոնցում ոչ մի ամբողջական շինություն չի մնացել։ Մարդիկ չեն կարող վերադառնալ, այնտեղ ոչինչ չկա: Դրանք պարզապես ավերակներ են»,- ասել է ՄԱՆ նոր նախագահը։
Թրամփը նաեւ նշել է, որ խաղաղության հասնելու ջանքերում «փոքր առաջընթաց է գրանցվել», սակայն այլ մանրամասներ չի հայտնել։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նորընտիր նախագահը Զելենսկու հետ հանդիպել է դեկտեմբերի 7-ին Փարիզում։ Դրանից հետո նա Ուկրաինային եւ Ռուսաստանին խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել։
Նախօրեին տված հարցազրւյցում Թրամփը կրկին ընդգծել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ընթացող պատերազմը սարսափելի է, քանի որ երկու կողմերից զոհերի թիվը հասնում է «աստղաբաշխական թվերի»։
«Ուկրաինայի հետ Ռուսաստանի պատերազմում ավելի շատ մարդ է զոհվել, քան հաղորդվել է։ Սա կոտորած է, որի նմանը մենք չենք տեսել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Ես կանեմ ամեն ինչ, որ դադարեցնեմ դա»,- ընդգծել է Դոնալդ Թրամփը։