Թուրքիան կրկնապատկում է Սիրիայի հետ սահմանի երկայնքով տեղակայված իր բանակային եւ սիրիական ռազմականացված խմբավորումների ուժերը, ինչը կարող է ցույց տալ, որ Անկարան պատրաստվում է լայնածավալ ներխուժման հարեւան երկրի տարածք։ Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյաներից ստացված տեղեկությանը։
Պարբերականի զրուցակիցներից մեկի խոսքերով՝ թուրքական ներխուժումը կարող է անխուսափելի լինել։ «Մենք այժմ կենտրոնացած ենք դրա վրա եւ զսպվածություն ենք պահանջում»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։
Ավելի վաղ The Washington Post-ը գրել էր, որ Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության տապալումից հետո երկրում ընթացող քաղաքացիական պատերազմը կարող է վերսկսվել, որի մեջ այս անգամ կարող են ներգրավված լինել իշխանությունը վերցրած ռազմական խմբավորումները (որոնց մաս են նաեւ Թուրքիայի կողմից աջակցություն ստացող ուժերը) եւ ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական ուժերը։ Պարբերականն ընդգծում է, որ ոչ միայն սիրիական ընդդիմության պառակտման, այլ նաեւ Իսրայելի, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի կողմից երկրի ներքին գործերի անընդհատ միջամտելու վտանգ կա։ Նշվում է, որ Թուրքիայի աջակցությունը ստացող խմբավորումների հետագա առաջխաղացումը քրդական ուժերին հավանաբար կստիպի նահանջել՝ սպառնալով Սիրիայում ԱՄՆ ռազմական ներկայությանը:
Սիրիայի Դեյր ալ-Զոր, Ռաքքա եւ Հասաքա նահանգների մեծ մասը այժմ ԱՄՆ-ի աջակցությունը ստացող քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» վերահսկողության տակ են: 2015 թվականից ի վեր ԱՄՆ-ը այնտեղ ստեղծել է 9 ռազմակայան։
Հիշեցնենք՝ նոյեմբերի վերջին ընդդիմադիր զինված խմբավորումները «Հայաթ Թահրիր ալ-Շամի» (մի շարք երկրներում համարվում է ահաբեկչական կառույց) գլխավորությամբ երկրի հյուսիս-արեւելքում լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական կառավարական ուժերի դեմ։ Դեկտեմբերի 8-ին նրանք գրավեցին Դամասկոսը եւ հայտարարեցին Բաշար ալ-Ասադի 24-ամյա կառավարության տապալման մասին։ Սիրիայի վարչապետ Մուհամմադ Ղազի ալ-Ջալալին իր պատրաստակամությունն էր հայտնել հանրապետությունում իշխանության խաղաղ փոխանցման համար։
Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը հունվարից գլխավորում էր, այսպես կոչված, «Սիրիայի փրկության կառավարությունը», որ ստեղծվել էր Իդլիբ նահանգում ընդդիմության կողմից, նշանակվեց Սիրիայի անցումային կառավարության ղեկավար։ Անցումային շրջանը Սիրիայում կտեւի մինչեւ 2025 թվականի մարտի 1-ը։
Սիրիայում իշխանափոխությունից հետո Թուրքիայի կողմից աջակցություն ստացող «Սիրիական ժողովրդական բանակը», որը երկրում իշխանության եկած զինված խմբավորումների կոալիցիայի մեջ է, հայտարարեց քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» դեմ խոշոր գործողություն սկսելու մասին, որը հրաժարվել էր Անկարայի կողմից «ահաբեկչության հենակետ» համարվող Ալ-Բաբ եւ Մանբիջ քաղաքներից իր ստորաբաժանումները դուրս բերելուց։
Դեկտեմբերի 9-ին «Սիրիական ժողովրդական բանակի» կազմավորումները քրդական ուժերից գրավեցին Մանբիջը։