Սիրիան չի դառնա Իսրայելի դեմ հարձակումների հենակետ։ Այդ մասին The Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է «Հայաթ Թահրիր ալ-Շամ» կազմավորման եւ «Սիրիայի փրկության կառավարության» առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան, որը հայտնի է Աբու Մուհամեդ ալ-Ջուլանի անունով։
Նա ընդգծել է, որ Իսրայելը պետք է լքի Սիրիայի արեւմտյան այն տարածքները, որոնք վերահսկողության տակ է վերցրել Դամասկոսի վրա ընդդիմադիր ուժերի հարձակման ժամանակ։
«Իսրայելը դա վերագրում է «Հեզբոլլահի» եւ իրանական աշխարհազորայինների ներկայությանը, սակայն դա այլեւս տեղին չէ։ Մենք հավատարիմ ենք մնում 1974 թվականի [ուժերի տարանջատման] համաձայնագրին եւ պատրաստ ենք ՄԱԿ-ի [դիտորդների] վերադարձին։ Մենք չենք ցանկանում հակամարտություն Իսրայելի կամ մեկ ուրիշի հետ եւ թույլ չենք տա, որ Սիրիան օգտագործվի որպես հենակետ հարձակումների համար։ Սիրիացիներին պետք է խաղաղություն, հարվածները պետք է դադարեցվեն, եւ Իսրայելը պետք է հետ քաշվի զբաղեցրած նախկին դիրքեր»,- ասել է Ալ-Շարաան:
Ըստ The Times-ի՝ անձամբ Ալ-Շարաան չի անդրադարձել ռուս-սիրիական հարաբերությունների թեմային, սակայն նրա օգնականը հիշեցրել է, որ Ռուսաստանի հետ այժմ բանակցություններ են ընթանում Սիրիայում ռազմակայանները պահպանելու վերաբերյալ։
Սիրիայի նոր առաջնորդը նաեւ նշել է, որ անհրաժետ է չեղարկել Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները եւ պայմաններ ստեղծել նախկինում երկրից փախած բնակիչների վերադարձի համար։
«Սիրիան չափազանց կարեւոր աշխարհառազմավարական նշանակություն ունի: Նրանք [արեւմտյան երկրները] պետք է հանեն բոլոր սահմանափակումները, որոնք կիրառվել են ինչպես դահիճի, այնպես էլ զոհի նկատմամբ: Դահիճն այլեւս չկա: Հարցը սակարկելի չէ»,- ասել է ալ-Ջուլանին՝ հավելելով, որ ակնկալում է «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը որոշ պետությունների ահաբեկչական խմբավորումների ցանկից հեռացնելու գործընթացի մեկնարկ։
Ալ-Շարաան նաեւ «երկարատեւ գործընթաց» է անվանել Սիրիայի առաջիկա քաղաքական անցումային շրջանը։ Խոսելով երկրում շարիաթի օրենքների հաստատման հնարավորության մասին՝ նա նշել է, որ «Սիրիան չի միջամտի անձնական ազատությունների ոլորտին», սակայն նոր իշխանությունները հաշվի կառնեն իսլամական սովորույթները։
Հիշեցնենք՝ նոյեմբերի վերջին ընդդիմադիր զինված խմբավորումները «Հայաթ Թահրիր ալ-Շամի» (մի շարք երկրներում համարվում է ահաբեկչական կառույց) գլխավորությամբ երկրի հյուսիս-արեւելքում լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական կառավարական ուժերի դեմ։ Դեկտեմբերի 8-ին նրանք գրավեցին Դամասկոսը եւ հայտարարեցին Բաշար ալ-Ասադի 24-ամյա կառավարության տապալման մասին։ Սիրիայի վարչապետ Մուհամմադ Ղազի ալ-Ջալալին իր պատրաստակամությունն էր հայտնել հանրապետությունում իշխանության խաղաղ փոխանցման համար։
Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը հունվարից գլխավորում էր, այսպես կոչված, «Սիրիայի փրկության կառավարությունը», որ ստեղծվել էր Իդլիբ նահանգում ընդդիմության կողմից, նշանակվեց Սիրիայի անցումային կառավարության ղեկավար։ Անցումային շրջանը Սիրիայում կտեւի մինչեւ 2025 թվականի մարտի 1-ը։
Նշենք նաեւ, որ դեկտեմբերի 8-ին Սիրիայում ընթացող իշխանափոխությանը զուգահեռ Իսրայելի պաշտպանության բանակը առանց դիմադրության հանդիպելու վերահսկողության տակ վերցրեց Գոլանի բարձունքներում գտնվող Հերմոն լեռնաշղթայի սիրիական կողմը։ Ըստ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Սիրիայի հետ 1974 թվականին ստորագրված ուժերի միջեւ բաժանարար գծի մասին համաձայնագիրը անվավեր է դարձել, քանի որ սիրիական զորքերը Դամասկոսում իշխանափոխությունից հետո լքել են դիրքերը։
Զուգահեռաբար Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակումներ գործեցին Սիրիայի ռազմական օբյեկտների վրա։ Դեկտեմբերի 10-ին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարեց, որ իր երկրի ռազմածովային ուժերը գործնականում ոչնչացրել են Արաբական Հանրապետության ռազմական նավատորմը: Դեկտեմբերի 12-ին էլ բանակի մամուլի ծառայությունը հայտնեց, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը Սիրիային հասցված մի շարք զանգվածային հարվածների ժամանակ ոչնչացրել են «երկիր-օդ» հրթիռների հայտնաբերված պաշարների ավելի քան 90%-ը։