Եվրամիությունը ծրագրում է Սիրիայի նոր իշխանությունների հետ քննարկել երկրից ռուսական ռազմակայանների դուրսբերման հարցը, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանձնակատար Կայա Կալլասը։
Politico-ի Կալլասը լրագրողներին ասել է, որ ԵՄ երկրների «շատ արտգործնախարարներ» կողմ են եղել Սիրիայում ռուսական ռազմական ներկայության դադարեցմանը, ինչը «պետք է պայման լինի Սիրիայի նոր ղեկավարության համար»։
Կալլասի խոսքերով՝ այդ հարցը «կբարձրացվի [Սիրիայի] իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ, երբ դրանք կայանան»։
Ռուսաստանը ռազմակայաններ ունի Սիրիայի Տարտուս եւ Լաթաքիա քաղաքներում։ Ավելի վաղ հաղորդվեց, որ Մոսկվան բանակցություններ է վարում Սիրիայի նոր իշխանությունների հետ դրանց պահպանման շուրջ։
Սիրիայի նոր իշխանությունները, որոնք դեկտեմբերի սկզբին Բաշար ալ-Ասադին հեռացրին նախագահի պաշտոնից, դեռ պաշտոնական հայտարարություններ չեն արել ռուսական ռազմական կոնտինգենտի ներկայության վերաբերյալ իրենց վերաբերմունքի մասին։
Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ, անդրադառնալով այս հարցին, հայտարարել էր, որ «դեռ վաղ է խոսել Խմեյմիմում եւ Տարտուսում ռուսական բազաների պահպանման մասին, սա քննարկման առարկա է նրանց հետ, ովքեր կղեկավարեն Սիրիան»։