Դեկտեմբերի 17-ին ՌԴ Պետդումայի պատգամավորները երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ Ռուսաստանի տարածքում արգելված որոշ կազմակերպություններ ահաբեկչական կառույցների ցանկից հանելու մասին օրենք են ընդունել։
Փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանում ահաբեկչական ճանաչված կազմակերպության գործունեության արգելքն առաջարկվում է վերացնել գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի հայցի հիման վրա դատարանի որոշմամբ։ Դա կարվի, եթե ապացույցներ լինեն, որ կազմակերպությունը «դադարել է ահաբեկչության խթանման, արդարացման եւ աջակցության գործողություններն իրականացնելուց», ասվում է օրենքում։
Փաստաթուղթը խորհրդարան է ներկայացվել նոյեմբերի վերջին։ Դեկտեմբերի 10-ին այն ընդունվել է առաջին ընթերցմամբ։ Ենթադրվում է, որ օրինագիծը մշակվել է 2021 թվականին Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբան» շարժումը ահաբեկչական կազմակերպությունների ցանկից հանելու համար։ 2024 թվականի մայիսին Ռուսաստանի արդարադատության եւ արտաքին գործերի նախարարությունը Վլադիմիր Պուտինին տեղեկացրել էր, որ թալիբները կարող են հանվել ահաբեկչական կազմակերպությունների ռեգիստրից։
Նախօրեին Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն առաջարկել էր սկսել «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումը ահաբեկչական կազմակերպությունների ցանկից հանելու ընթացակարգ, որը դեկտեմբերի սկզբին մեծ դեր խաղաց Սիրիայում Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալման գործում: