Ադրբեջանը եւ Հայաստանը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի 17 հոդվածներից 15-ը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Россия сегодня» գործակալության տնօրեն Դմիտրի Կիսիլեւին տված հարցազրույցի ժամանակ։
«Համաձայնեցված չէ [միջազգային ատյաններում] փոխադարձ հայցերից ձեռնպահ մնալու մասին հոդվածը։ Կարծում եմ՝ սա երկուստեք ընդունելի հոդված է։ Վերջերս ավարտեցինք պատճառված վնասի վերլուծությունը, ընդ որում՝ մանրամասն վերլուծությունը։ Մենք դրա վրա ծախսել ենք 4 տարի, եւ ամեն ինչ փաստաթղթավորված է։ Խոսքը գնում է ավելի քան 150 միլիարդ դոլարի վնասի մասին, որը պատճառվել է օկուպացիայի տարիներին։ Ուստի փոխադարձ հայցերից զերծ մնալը, կարծում եմ փոխընդունելի կլինի։ Մյուս հոդվածն էլ վերաբերում է այլ երկրների ներկայացուցիչներին մեր սահմանին չտեղակայելուն։ Ինչո՞ւ է սա կարևոր մեզ համար: Որովհետեւ, այսպես կոչված, եվրոպացի դիտորդների քողի տակ, մեր սահմանին՝ հայկական կողմում, ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք է ստեղծվել։ Ի վերջո, այս դիտորդներին ուղարկելու հարցը մեզ հետ համաձայնեցվել է 2022 թվականի հոկտեմբերին՝ քառակողմ հանդիպմանը, ուը կայացել էր [ՀՀ վարչապետ Նիկոլ] Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահի [Էմանուել Մակրոնի] եւ իմ միջեւ»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Ադրբեջանի նախագահը կրկին հայտարարել է, որ Հայաստանը պետք է փոփոխի Սահմանադրությունը, որը հղում է պարունակում Անկախության հռչակագրին, որտեղ էլ, իր պնդմամբ, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ կան։
Ալիեւի խոսքերով, եթե այդ հարցերը լուծվեն, «խոչընդոտ չի մնա խաղաղության պայմանագրի ստորագրման համար»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էր հայտարարել, որ Երեւանն ու Բաքուն արդեն համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի 17 հոդվածներից 15-ը։
Բայրամովը կրկին հայտարարել էր, որ պայմանագրի ստորագրման գլխավոր խոչընդոտը Հայաստանի Սահմանադրությունն է։
Նշենք, որ Ադրբեջանի այս հայտարարություններին ի պատասխան Երեւանը մշտապես հայտարարել է, որ Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ չունի հարեւան երկրների նկատմամբ, իսկ դրա փոփոխությունը երկրի ներքին գործն է։
Ինչ վերաբերում է սահմանային շրջաններից միջազգային դիտորդներին հեռացնելու Բաքվի պահանջներին, ապա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին հայցազրույցի ժամանակ հայտարարեց՝ Հայաստանը Ադրբեջանին առաջարկել է դիտորդներին հեռացնել սահմանների արդեն սահմանազատված հատվածներից։