«Զանգեզուրի միջանցքի» հարցում Թուրքիան աջակցել եւ աջակցում է Ադրբեջանին։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի Հանրապետության Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Զանգեզուրի միջանցքը լինելու է համագործակցության եւ անվտանգության միջանցք։ Այն նաեւ կարևոր անցումային կետ է համաշխարհային առեւտրի համար։ Այս համատեքստում մենք Ադրբեջանին տրամադրել ենք եւ կտրամադրենք հնարավոր բոլոր աջակցությունը»,- ասել է Քուրթուլմուշը։
Թուրքիայի խորհրդարանի նախագահի խոսքերով՝ Անկարան ցանկանում է «արդար» խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում եւ ապահովել միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացը առանց տարածաշրջանից դուրս գտնվող երկրների միջամտության։
«Զանգեզուրի միջանցքի բացումը պայման է ոչ միայն Ադրբեջանի ու Թուրքիայի, այլեւ տարածաշրջանի բոլոր երկրների շահերն ապահովելու համար։ Մենք ցանկանում ենք, որ Զանգեզուրի միջանցքը բացվի որպես խաղաղության միջանցք»,- հայտարարել է Քուրթուլմուշը։
Հիշեցնենք՝ Բաքուն Երեւանից պահանջում է ապահովել Ադրբեջանի արեւմտյան շրջանների կապը Նաիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ, որով հնարավոր կլինի նաեւ ուղիղ կապ հաստատել Թուրքիայի հետ։
Հայաստանը հայտարարում է, որ պատրաստ է բացելու տարածաշրջանային կոմունիկացիաները, սակայն պնդում, որ դա պետք է տեղի ունենա երկրների տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հարգման հիման վրա։