Ռուսաստանի ԶՈՒ ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի սպանության պատվիրատուն Ուկրաինայի իշխանություններն էին։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մամուլի ասուլիսի ժամանակ։
«Բոլորը խորապես ցավում են։ Նախագահն իր ցավակցությունն է հայտնում այս կապակցությամբ։ Բայց այս դեպքում մեր հատուկ ծառայությունները, իրավապահ մարմինները, տեսնում եք, արդյունավետ են աշխատում, արագ են աշխատում։ Իհարկե, մենք գիտենք, թե ովքեր են այս ահաբեկչության պատվիրատուները, եւ մենք պայքարում ենք այդ կազմակերպիչների դեմ, մենք պայքարում ենք այս նացիստական ռեժիմի դեմ եւ կշարունակենք պայքարել»,- ասել է Պեսկովը՝ հավելելով․ «Հիմա արդեն ակնհայտ է, թե ովքեր են պատվիրատուները, ովքեր են այս ահաբեկչության կազմակերպիչները։ Եվս մեկ անգամ հաստատվում է, որ Կիեւի ռեժիմը չի խորշում ահաբեկչական աշխատանքի մեթոդներից»։
Հիշեցնենք՝ գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը զոհվել էր իր օգնական Իլյա Պոլիկարպովի հետ դեկտեմբերի 17-ի առավոտյան Մոսկվայի Ռյազանսկի պողոտայի տներից մեկի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով։ Հետաքննության տվյալներով՝ ինքնաշեն պայթուցիկ սարքը ամրացված է եղել տան մուտքի մոտ կանգնած էլեկտրական ինքնագլորին։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ահաբեկչության, սպանության եւ զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով։
Դեկտեմբերի 18-ի առավոտյան անվտանգության ուժերը հայտնել են սպանության մեջ կասկածվողի` 1995 թվականին ծնված Ուզբեկստանի քաղաքացու ձերբակալության մասին։ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը ավելի ուշ հրապարակեց ձերբակալվածի հարցաքննության տեսանյութը։ Դրանում նա ասում է, որ հանցագործությունը կատարել է ուկրաինական հատուկ ծառայությունների ցուցումով, որոնք իրեն խոստացել են 100 հազար դոլար եւ եվրոպական անձնագիր։