«Աշխարհը բախվում է անվտանգության շարունակական սպառնալիքներին, հակամարտությունների վերսկսմանը, ինչը զուգորդվում է մարդկային ահռելի տառապանքով, ինքնության վրա հիմնված ատելությամբ ու մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման կամ յուրացման կտրուկ աճով»: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ելույթ ունենալով Երեւանում անցկացվող Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը, որին մասնակցել են Հունաստանի մշակույթի նախարարը, Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության եւ ձեռարվեստի նախարարը, Իրաքի ԱԳ նախարարի տեղակալը, Եգիպտոսի, Պերուի, Իտալիայի, Չինաստանի, Բոլիվիայի ներկայացուցիչները։
Միրզոյանն ընդգծել է, որ մշակութային ժառանգության ոչնչացման եւ յուրացման գործողությունները, որոնք հաճախ պայմանավորված են պատմությունը որպես գործիք օգտագործելու հանգամանքով եւ կեղծ խոսույթներով, ծառայում են նաեւ որպես գործիք տարածքային պահանջներն «արդարացնելու» եւ բաժանարար գծերը խորացնելու համար՝ խարխլելով միջազգային խաղաղության եւ անվտանգության հիմքերը։
«Ցավոք, Հայաստանն այն երկրների շարքում է, որոնք մշտապես բախվում են նման մարտահրավերների»,- նշել է Հայաստանի արտգործնախարարը։
Միրզոյանը նաեւ ընդգծել է, որ որպես «Զինված հակամարտությունների դեպքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության պաշտպանության կոմիտեի» ակտիվ անդամ՝ Հայաստանը նաեւ փորձում է նպաստել այս ոլորտում ներդրվող համաշխարհային ջանքերին։
Նախարարը հիշեցրեց, որ այդ շրջանակում Երեւանը վերջերս աջակցել է Լիբանանի՝ 34 մշակութային վայրերի հրատապ ուժեղացված պաշտպանության խնդրանքին եւ անհապաղ միջոցներ է ձեռնարկել վերջին ռազմական գործողությունների ժամանակ ի հայտ եկած սպառնալիքներին դիմակայելու համար:
«Մենք նաեւ կիսվել ենք մեր փորձով այնպիսի նախագծերում, ինչպիսին է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Վերակենդանացնել Մոսուլի ոգին» նախաձեռնությունը՝ ցույց տալով մեր հանձնառությունը միջազգային համագործակցության եւ հավաքական ժառանգության պահպանման հարցում»,- իր ելույթի ընթացքում հիշեցրել է Միրզոյանը՝ նշելով, որ Հայաստանը հպարտ է լինել այս հնագույն քաղաքակրթությունների ընտանիքի անդամ:
«Այս առավելությունն իր հետ բերում է մեծ պատասխանատվություն՝ պահպանելու մարդկության համատեղ ժառանգությունն ու պաշտպանելու այն արժեքներն ու ավանդույթները, որոնք կազմում են մեր աշխարհի քաղաքակրթական հիմքերը»,-եզրափակել է ՀՀ արտգործնախարարը: