Հռոմի Ֆրանցիսկոս պապը իր «Հույս» վերնագրով ինքնակենսագրական գրքում պատմում է, որ 2021 թվականին Իրաք կատարած այցի ժամանակ բրիտանական հետախուզությանը հաջողվել է խափանել իր դեմ իսլամական արմատական խմբավորման ծրագրած մահափորձը։
Գիրքը լույս կտեսնի հունվարի 14-ին։ Դրանից հատվածներ հայտնվել են իտալական Corriere della Sera թերթում։
«Գրեթե բոլորն ինձ խորհուրդ էին տալիս չանել դա»,- գրում է Ֆրանցիսկոսը Իրաք կատարած այցի մասին՝ միեւնույն ժամանակ խոստովանելով, որ «ուղղակի պարտավոր էր» ուղեւորվել այնտեղ։
Հռոմի պապի խոսքով՝ 2021 թվականի մարտին Բաղդադում վայրէջք կատարելուց անմիջապես հետո իրեն հայտնել են, որ Մոսուլ քաղաքում իր մասնակցությամբ սպասվող միջոցառումներից մեկի ժամանակ մահապարտ ահաբեկիչների հարձակում էր նախապատրաստվում։
Ծրագիրը հայտնաբերել են բրիտանական հետախուզության աշխատակիցները, որոնք տեղեկությունը տրամադրել են իրաքյան ոստիկանությանը, որն էլ հայտնել է Պապի օգնականներին, գրել է Ֆրանցիսկոսը։
«Երիտասարդ կին մահապարտ-ահաբեկիչը, որը պայթուցիկ էր կրում, մեկնել էր Մոսուլ՝ պապական այցի ժամանակ իրեն պայթեցնելու համար։ Մեծ արագությամբ այնտեղ էր ուղեւորվել նաեւ մի բեռնատար՝ նույն հանձնարարականով»,- վերհիշում է Պապը։
Նա գրում է, որ հաջորդ օրը իր թիկնապահներից հետաքրքրվել է, թե ինչ է պատահել այն մարդկանց հետ, ովքեր ծրագրել էին իր դեմ հարձակումը։ «[Աշխատակիցը] լակոնիկ պատասխան տվեց․ «Նրանք այլեւս չկան»։ Իրաքի ոստիկանությունը կալանավորել էր նրանց ու պայթեցրել»,- գրել է Ֆրանցիսկոսը։
Reuters-ը Վատիկանից խնդրել է մեկնաբանել Պապի հայտարարությունները, սակայն դեռ պատասխան չի ստացել։
Հռոմի պապի եռօրյա այցը Իրաք տեղի ունեցավ կորոնավիրուսային համավարակի ժամանակ, դա Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի առաջին այցն էր այդ երկիր։ Այն ուղեկցվել էր անվտանգության լայնածավալ օպերացիայով։
Այցին նախորդող տարիներին Իրաքում սրվել էր լարվածությունը տարբեր համայնքների միջեւ, այդ թվում վերածվելով զինված պայքարի իսլամի շիա եւ սուննի ուղղությունների հետեւորդների միջեւ։ Սրան զուգահեռ սաստկացել էին նաեւ կրոնական փոքրամասնությունների դեմ հալածանքները:
Իրաքում ընթացող պատերազմի տարիներին երկրի քրիստոնեական համայնքի թիվը կտրուկ նվազել էր։ Քրիստոնյաները հաճախ էին ենթարկվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակիցների, ինչպես նաեւ այլ սուննիական ռազմականացված խմբավորումների հարձակումներին։