«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անվանումը, ինչպես նաեւ նրանց կայքէջում հրապարակված փաստաթղթերը, կանխորոշում են, որ այն ազատ մարդկանց ու գիտակից քաղաքացիների միավորում է։ Սակայն կազմակերպության անդամների՝ բոլորին ի տես ցուցադրվող վարքը հուշում է, որ այն իրականում տոտալիտար համայնք է։
Այստեղ կուսակցության անդամները մրցում են, թե ով է առաջնորդին ավելի մոտ ու ավելի հավատարիմ։ Առաջնորդն այստեղ, ինչպես բոլոր տոտալիտար աղանդներում, անթերի է ու անքննելի։ Նրան հակաճառելը, նրա հետ համաձայն չլինելը մեծ մեղք է։ Նրան պետք է վստահել ու հավատալ։ Նա գիտի, թե ինչը, երբ ու ինչպես է պետք անել։ Քո կարծիքը կարեւոր չէ բոլորովին։ Կարեւոր չէ անգամ՝ ունե՞ս կարծիք, թե՞ չունես։ Շատ ավելի լավ, եթե չունես, որովհետեւ թե՛ քո, թե՛ մյուսների փոխարեն առաջնորդն է մտածում, առաջնորդն է որոշում, առաջնորդն է առաջարկում։ Քո գործը հնազանդ լինելն է, առաջնորդի տեսակետների տարփողումն է ու հավատարմության երդումներ կրկնելը։
Եթե հանկարծ սխալվես ու ինչ-որ հարցում, թեկուզ ամենափոքր հարցում, չհամաձայնես, այլ տեսակետ հայտնես, կորած ես։ Քեզ կհոշոտեն։
Լավ օրինակ է նախկին ՔՊ-ական Աղազարյանը։ Պակաս լավ օրինակ չէ կրկին նախկին ՔՊ-ական Ասլանյանը։ Առաջին իսկ անհամաձայնությունը բավարար եղավ, որ տրվի նրանց ոչնչացման հրահանգը, ու երեկվա ընկերները գործի անցնեն։ Ոչինչ հաշվի չի առնվում՝ ո՛չ համատեղ անցած ճանապարհը, ո՛չ ունեցած հարաբերությունները, ո՛չ ընկերությունը, ո՛չ բարեկամությունը, ո՛չ էլ առաջնորդին ամենայն նվիրվածությամբ ծառայելը։
Լիարժեք երջանիկ լինելու համար «ՔՊ»-ական աղազարյաններին ի՞նչ է պետք։ Այո՛, ճիշտ է, պատգամավորի մանդատ։ Մանդատ, որը նրանց բոլորովին չարդարացված, բայց շատ բարձր աշխատավարձ է տալիս, պարգեւավճարներ է տալիս, կարգավիճակ է տալիս։ Լրատվամիջոցները ճանաչում են, հրավիրում են։ Չլիներ մանդատը՝ չէին ունենալու ո՛չ ճանաչում, ո՛չ էլ բարեկեցություն։ Հարեւաններից ու հարազատներից բացի՝ ոչ ոք նրանց չէր ճանաչելու։ Նրանցից կարծիք ոչ ոք չէր հարցնելու։ Կապրեին հանրությանն անհայտ, ինչպես ապրել են մինչեւ այն պահը, երբ առաջնորդը նկատեց նրանց ու, որպես բոլոր հնազանդներից ամենահնազանդների, ընտրեց ու իր հետեւից պառլամենտ տարավ։
Իսկ հիմա, երբ նույն այդ առաջնորդը ինչ-որ պատճառով կամ առանց պատճառի որոշել է հետ վերցնել նրանցից իր տված մանդատները, դիմադրում են։ Մանդատ վերադարձնելը, պարզվում է, այնքան էլ հեշտ գործ չէ։ Սա արդեն մեծ, անչափ մեծ, անպատկերացնելի մեծ հանդգնություն է։ Առաջնորդին մերժել, եթե անգամ նա սխալ որոշում է կայացրել, եթե անգամ անօրեն է նրա որոշումը, չի կարելի։ Ոչ մի դեպքում չի կարելի։ Նրան կարելի է միայն հնազանդվել, ծափահարել ու փառաբանել։
Եվ իջնում է առաջնորդի հրահանգը՝ ոչնչացնել անխնա։ Ու գործի են անցնում նախկին թիմակիցներն ու նախկին ընկերները։ Արատավորում են, հարվածում են, տրորում են։ Իսկ սրանք յուրաքանչյուր նոր ստացած հարվածից հետո, թաքուն հույսով, թե կներվեն, ավելի բարձր են գոռում, թե հավատարիմ են առաջնորդին։ Ավելի բարձր են հավատարմության երդումներ հնչեցնում։ Բայց ոչինչ արդեն նրանց չի փրկի։ Առաջնորդը կայացրել է իր վճիռը։ Նրանք դատապարտված են։
Կասկածից դուրս է՝ իրերի այլ դասավորության պարագայում սրանք նույն կերպ կվարվեին երեկվա իրենց ընկերոջ, գործընկերոջ, թիմակցի նկատմամբ, որովհետեւ այս սկզբունքով է գործում տոտալիտար աղանդը։ Այլ տարբերակ չկա։ Այսօր սրանք են, վաղը մյուսներն են լինելու։ Այսպիսին է նրանց աշխարհը, այսպիսին են նրանց բարքերը։
Մեզ նրանց բարքերը, նրանց աշխարհը ու նրանց որակները կարող էին եւ չանհանգստացնել։ Իրենք են, իրենց կազմակերպությունն ու իրենց խաղի կանոնները՝ թող ծափահարեն իրար, թող իրար փառաբանեն, թող հոշոտեն իրար։ Կարող էինք ասել՝ իրենց գործն է։ Կարող էինք չնկատել նրանց բոլորովին։ Բայց, որքան էլ անցանկալի է, չնկատել չենք կարող։ Ուզենք, թե չուզենք՝ այս աղանդավորներն են այսօր մեր օրը կերտում, նրանք են խոսում մեր անունից, նրանք են ներկայացնում մեր երկիրը։ Լավ է միայն, որ աղանդները կարճ կյանք են ունենում։
Մենք երկար ենք ապրել, պատուհասներ շատ ենք տեսել, քիչ էլ դիմանանք։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։