Ռուսաստանը Սիրիայում հասել է իր նպատակներին, քանի որ կարողացել է կանխել այդ երկրում «ահաբեկչական անկլավի ձեւավորումը»։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ միացմամբ մամուլի մեծ ասուլիսի ժամանակ։
«Ի վերջո, մենք 10 տարի առաջ Սիրիա եկանք, որպեսզի այնտեղ ահաբեկչական անկլավ չստեղծվեր, ինչպես նկատեցինք որոշ այլ երկրներում, օրինակ` Աֆղանստանում։ Ընդհանուր առմամբ, մենք հասանք մեր նպատակներին»,- հայտարարել է Պուտինը։
ՌԴ նախագահի խոսքերով` այն խմբավորումները, որոնք պայքարել են Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի կառավարական ուժերի դեմ, ներքին փոփոխությունների են ենթարկվել։
«Իզուր չէ, որ այսօր եվրոպական շատ երկրներ եւ Միացյալ Նահանգները ցանկանում են բարելավել հարաբերությունները նրանց հետ։ Եթե դրանք ահաբեկչական կազմակերպություններ են, ինչո՞ւ եք սողոսկում այնտեղ։ Նշանակում է` ինչ-որ բան է ուրեմն փոխվել, այնպես չէ՞։ Իսկ դա նշանակում է որոշ չափով նպատակներին հասնել»,-հայտարարել է Պուտինը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 27-ին Սիրիայի հյուսիս-արեւմուտքում հակակառավարական ուժերի սկսած հարձակման հետեւանքով Բաշար ալ-Ասադի կառավարությունը երեք օրվա ընթացքում կորցրեց Հալեպը։ Արդեն դեկտեմբերի 5-ին ընկավ Համան, իսկ 7-ին՝ Հոմսը։ Զուգահեռաբար սիրիական բանակը Դեյր ալ-Զոր քաղաքի վերահսկողությունը հանձնել էր քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կազմավորմանը՝ փորձելով ամրացնել հարձակվող ապստամբների դեմ պայքարող մյուս ստորաբաժանումները։
Այս նույն ժամանակահատվածում դեկտեմբերի 6-ից արդեն զինված ապստամբություններ էին բռնկվել նաեւ Սիրիայի հարավային Դերա նահանգում։
Դեկտեմբերի 8-ին ապստամբները գրավեցին մայրաքաղաք Դամասկոսը եւ հայտարարեցին Բաշար ալ-Ասադի 24-ամյա իշխանության տապալման մասին։ Սիրիայի վարչապետ Մուհամմադ Ղազի ալ-Ջալալին իր պատրաստակամությունն էր հայտնել հանրապետությունում իշխանության խաղաղ փոխանցման համար։
Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը հունվարից գլխավորում էր, այսպես կոչված, «Սիրիայի փրկության կառավարությունը»՝ ձեւավորված Իդլիբ նահանգում ընդդիմության կողմից, նշանակվեց Սիրիայի անցումային կառավարության ղեկավար։
Անցումային շրջանը Սիրիայում կտեւի մինչեւ 2025 թվականի մարտի 1-ը։