Հայաստանը որեւէ երկրի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ չէ, իսկ սպառազինությունները Երեւանը ձեռք է բերում բացառապես երկրի սահմանները եւ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Արմենպրեսի» հետ հարցազրույցի ժամանակ։
Այսպիսով վարչապետը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությանը, թե Ֆրանսիայից Հայաստանին մատակարարվում է հարձակողական եւ մահաբեր զենք, որը գործնական վտանգ է ներկայացնում Ադրբեջանի համար։ Ալիեւը նաեւ կարծիք էր հայտնել, որ արեւմտյան զինատեսակների մեծ մասը Երեւանը «ստանում է անվճար կամ ապառիկ», եւ նշել, որ նույնիսկ նման դեպքում Հայաստանը չի դիմանա Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքին։
«Մեզ փորձում են ասել, թե պաշտպանական նպատակներով պետք է ձեռք բերել պաշտպանական զենքեր: Բայց պաշտպանական զենքով հնարավոր չէ պաշտպանություն կազմակերպել. ասենք՝ Հայաստանն ունեցավ գերհագեցած ՀՕՊ եւ ՌԵՊ միջոցներ, ինչո՞վ պետք է պաշտպանվի ցամաքային հարձակումներից. իհարկե՝ հրետանիով, իհարկե՝ հրթիռներով, իհարկե՝ խոցման այլ միջոցներով: Ադրբեջանն էլ է ոչ պաշտպանական սպառազինություն ձեռք բերում, նշանակում է՝ ռեւանշիստական քաղաքականությո՞ւն է վարում»,-հարցազրույցի ժամանակ ասել է Փաշինյանը:
Վարչապետն ընդգծել է․ միջազգային բոլոր նորմերի համաձայն՝ Հայաստանն ունի զինված ուժեր ունենալու իրավունք եւ պարտավորություն՝ պաշտպանելու սեփական քաղաքացիներին, այդ թվում՝ հնարավոր արտաքին սպառնալիքներից: Նա նաեւ հավելել է, որ բանակի բարեփոխումները Երեւանի լեգիտիմ իրավունքն են:
«Արդյո՞ք դա սպառնալիք է Ադրբեջանի համար. ո՛չ, որովհետեւ մենք հստակ ճանաչել եւ ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Խորհրդային Ադրբեջանի տարածքով եւ ակնկալում ենք, որ Ադրբեջանն էլ մեզ նման, տարընթերցումների տեղիք չտալով, ճանաչի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը՝ համաձայն մեր ձեռք բերած պայմանավորվածությունների, եւ ձեռնպահ մնա սպառնալիքների քաղաքականությունից: Գործնականում ամեն օր Ադրբեջանից սպառնալից հայտարարություններ են հնչում Հայաստանի Հանրապետության հասցեին»,- ասել է Փաշինյանը:
Վարչապետը նշում է, որ այսպիսի պայմաններում Երեւանից հնչող արձագանքը ներքին քննադատությունների է արժանանում, քանի որ նույնիսկ Հայաստանի ինքնիշխան տարածքի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված հատվածները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր Կառավարությունը չի դրել։ Սա՝ այն պատճառով, որ սահմանազատման հարցում ձեռք բերված ինստիտուցիոնալ լուծումները հնարավորություն են տալիս այդ հարցը կարգավորելու խաղաղ, բանակցային ճանապարհով, նշել է վարչապետը։
«Նույնիսկ այս ամենի համատեքստում Ադրբեջանին առաջարկել ենք սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ մեխանիզմ ստեղծել: Բայց Ադրբեջանն առայժմ չի արձագանքում, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական բյուջեների տարբերությունն արդեն երեք անգամ է՝ հօգուտ Ադրբեջանի: Այս ֆոնին մեզ մեղադրել սպառազինվելու մեջ, առնվազն արդար չէ»,-ասել է վարչապետ Փաշինյանը:
Նշենք, որ բացի Ալիեւի վերոգրյալ հայտարարություններից՝ վերջին շրջանում ադրբեջանցի տարբեր պաշտոնյաներ սկսել են նաեւ պնդել, որ Հայաստանի վերազինումը անթույլատրելի է եւ սպառնալիք՝ խաղաղության համար։
Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւն էլ լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ սահմանափակումներ պետք է կիրառվեն Հայաստանի ռազմական զարգացման նկատմամբ՝ պնդելով, որ պատմության ընթացքում «որոշակի սահմանափակումներ են կիրառվում օկուպացիոն եւ ագրեսոր երկրների ռազմական շինարարության, ռազմական ծրագրերի եւ բանակաշինության նկատմամբ»։
Նույն օրը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն էլ Բաքու ժամանած թուրքական ռազմական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե «Հայաստանի վերազինումը բացասական ազդեցություն է թողնում տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման վրա»։