ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մերժել է հանրապետական խոսնակ Մայք Ջոնսոնի առաջարկած՝ կառավարության ֆինանսավորումը երկարաձգելու մասին օրինագիծը։
Դեմ քվեարկել է 235 ներկայացուցիչ (197 դեմոկրատ եւ 38 հանրապետական), իսկ կողմ՝ 174-ը։
Օրինագիծը ներառում էր կառավարության ֆինանսավորումը երեք ամսով երկարաձգելու ծրագիր, 110 միլիարդ դոլարի հատկացում աղետների եւ ֆերմերային տնտեսությունների օգնության համար, ինչպես նաեւ երկու տարով պետական պարտքի սահմանափակումների կասեցում:
Եթե հնարավոր չլինի համաձայնեցնել կառավարության ֆինանսավորումը երկարաձգելու օրինագիծը, ապա ԱՄՆ կառավարությանը սպասում է աշխատանքի ժամանակավոր դադարեցում (շոթդաուն) արդեն դեկտեմբերի 21-ին։
Օրինագծի ընդունմանը աջակցել է անձամբ Դոնալդ Թրամփը՝ հանրապետականներին կոչ անելով կողմ քվեարկել դրա օգտին։ Նա նշել էր, որ նոր ծրագիրը թույլ կտա կառավարությանը շարունակել աշխատանքը, ֆինանսավորել ֆերմերներին, ինչպես նաեւ օգնություն տրամադրել ավերիչ փոթորիկներից լրջորեն տուժածներին:
«Նաեւ ավելացվել է մի շատ կարեւոր կետ, «Առաջին հերթին Ամերիկան» օրակարգի համար կենսական մի կետ․ պետական պարտքի բոլորովին անհարկի սահմանափակումը վերացվելու է երկու տարով՝ մինչեւ 2027-ի հունվարի 30-ը»,- գրել էր Թրամփը Truth Social սոցցանցի էջում։
Նոր օրինագիծը քննարկման ներկայացվել էր, երբ Թրամփը եւ նրա նորընտիր փոխնախագահ Ջեյ Դի Վենսը քննադատել էին երկկուսակցական նախկին համաձայնագիրը, որին խոսնակ Մայք Ջոնսոնին հաջողվել է հասնել դեմոկրատների հետ։ Համատեղ հայտարարության մեջ Թրամփը եւ Վենսը պնդում էին, որ Կոնգրեսը պետք է մշակի նոր համաձայնագիր, որը կպահպանի ֆերմերներին հատկացվող գյուղատնտեսական օգնությունը, բայց կբացառի դրա հետ կապ չունեցող ծախսերը եւ դեմոկրատների առաջարկած որոշ դրույթներ:
Սպիտակ տունը նախազգուշացրել էր, որ Թրամփը եւ Վենսը կոչ են անում հանրապետականներին մերժել կառավարության ֆինանսավորումը երկարաձգելու երկկուսակցական համաձայնագիրը, որը սպառնում է «շոթդաունով»: