Եվրախորհուրդը Վրաստանի իշխանությունների հետ համատեղ աշխատանքային խումբ կստեղծի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքում կատարվելիք փոփոխությունները մշակելու համար։ Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն։
«Ես ողջունում եմ [Վրաստանի] կառավարության հավաստիացումները, որ փոփոխություններ են կատարվելու, այսպես կոչված, արտաքին ազդեցության մասին օրենքում։ Այժմ մենք աշխատանքային խումբ կստեղծենք՝ կազմված Վրաստանի եւ Եվրախորհրդի, ինչպես նաեւ Վենետիկի հանձնաժողովի փորձագետներից՝ որոշելու, թե ինչ փոփոխություններ են կատարվելու այս օրենքում»,- ասել է Բերսեն Թբիլիսիում կայացած ճեպազրույցում։
Նա նաեւ հույս հայտնեց, որ նման գործընթացները կարող են իրականացվել այլ ոլորտներում, օրինակ՝ իրավահավասարության, խտրականության կանխարգելման, ընտրական բարեփոխումների, բանտերի եւ պրոբացիոն համակարգերի բարեփոխումների։
Ալեն Բերսեն, հիշեցնելով Վրաստան իր այցի նպատակը, հայտարարեց, որ մտադիր չէ «լեգիտիմացնելու ընտրությունները»։
«Սա կրիտիկական ժամանակաշրջան է Վրաստանի համար։ Վրաստանը լի է քաղաքական լարվածությամբ, բեւեռացված հանրային բանավեճով եւ բարձր մակարդակի բռնությամբ: Ես այստեղ եմ առաջին հերթին Վրաստանին եւ նրա ժողովրդին իմ աջակցությունը հայտնելու համար։ Նրանք արժանի են ապրելու կայուն եւ ժողովրդավարական երկրում։ Վրաստանը 25 տարի Եվրոպայի խորհրդի լիիրավ եւ շատ արժեքավոր անդամ է։ Ես այստեղ չեմ, որ լեգիտիմացնեմ ընտրությունները, այլ որպեսզի մյուս իրավասու կառույցները եզրակացություններ գրեն՝ կապված ընտրությունների դիտարկման հետ… Իմ այցի հիմնական ուղերձն այն է, որ ներկայիս քաղաքական ճգնաժամը կարող է լուծվել միայն այն դեպքում, եթե մենք պահպանենք ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հիմնարար սկզբունքները»,- հայտարարել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը։
Բերսեն պաշտոնական այցով Վրաստան է ժամանել դեկտեմբերի 18-ին։ Նա հանդիպել է կառավարության ներկայացուցիչների (երկու անգամ՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի), «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի, ինչպես նաեւ ընդդիմության ներկայացուցիչների հետ։
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել էր, որ ԵՄ-ն սպասում է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի զեկույցին՝ Վրաստանի կառավարությանն առնչվող հետագա որոշումները կայացնելու համար։
Վրաստանի խորհրդարանը երրորդ եւ վերջին ընթերցմամբ հաստատել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը այս տարվա մայիսի 14-ին, իսկ մայիսի 28-ին չեղարկել վիճահարույց փաստաթղթի ընդունման վրա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դրած վետոն։ Օրենքը մասամբ ուժի մեջ է մտել հունիսի 3-ին, երբ այն ստորագրել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, իսկ ամբողջությամբ՝ օգոստոսի 1-ին։