Վրաստանի Հիվանդությունների եւ հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է, որ նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ ուսանողները, դասախոսները եւ դպրոցների մանկավարժները պետք է ստանան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու չափաբաժինը:
Վրաստանի գլխավոր համաճարակաբանը շեշտել է, որ ամռանը անհրաժեշտ է առավելագույն պատվաստումներ անել երկրում՝ բոլոր չպատվաստվածներին հորդորելով անպայման պատվաստվել:
Ուսումնական գործընթացը Վրաստանում ավարտվել է այսօր:
Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուս է հայտնաբերվել մանկավարժների եւ դպրոցների անձնակազմի 0,2 տոկոսի եւ աշակերտների 0,04 տոկոսի շրջանում:
Ուստարվա ավարտին Վրաստանում հեռավար ռեժիմով գործել են 52 դպրոց եւ 139 դասարան: Անձնական խնդրանքի հիման վրա հեռավար ռեժիմով դասավանդել է ռիսկի խմբին պատկանող 120 մանկավարժ:
Հունիսի 15-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ ընդհանուր հաշվով իրականացվել է 212163 պատվաստում: Ամբողջական պատվաստում՝ երկու չափաքանակ, ստացել է 69197 քաղաքացի: Վերջին մեկ օրվա ընթացքում իրականացվել է 4596 պատվաստում:
Ըստ «Ալիք մեդիա Վրաստանի»՝ Ամիրան Գամկրելիձեն նշել է, որ հնարավոր է՝ պարետային ժամը մեղմացվի երկու անգամ պատվաստվածների համար:
«Այսօր մենք քննարկել ենք այդ թեման, որպեսզի խթանենք պատվաստման գործընթացը: Մենք արդեն ունենք երկու անգամ պատվաստված 70 հազար անձ, եւ նրանց համար թեստավորումը պարտադիր չի լինի: Նույնը վերաբերում է պարետային ժամին. եթե որոշվի մեղմացնել արգելքը, ապա դա առաջին հերթին կգործի երկու անգամ պատվաստվածների համար»,- հայտարարել է Գամկրելիձեն:
Վրաստանում արդեն 7 ամիս գործում է երեկոյան ժամերին տեղաշարժի արգելքը: Սահմանափակումը խախտելու համար ֆիզիկական անձը տուգանվում է 2000 լարիով, իրավաբանական անձը՝ 10000 լարիով: