Վաշինգտոնը հետ է կանչել Սիրիայի փաստացի նոր առաջնորդ Ահմեդ ալ-Շարաային (Աբու Մուհամմադ ալ-Ջուլանի) ձերբակալելու համար շուրջ տասը տարի առաջ 10 միլիոն դոլարի պարգեւատրման առաջարկը: Սրանից քիչ առաջ նրա հետ հանդիպել է ամերիկացի դիվանագետների պատվիրակությունը։
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Բարբարա Լիֆը, որը գլխավորել էր ամերիկյան պատվիրակությունը, Ալ-Շարաայի հետ քննարկումներից հետո հայտարարեց, որ դրանք արդյունավետ ընթացք են ունեցել, իսկ անձամբ Սիրիայի նոր ղեկավարը «պրագմատիկ» մարդու տպավորություն է թողել։
Հիշեցնենք՝ Ահմեդ ալ-Շարաան առաջնորդն է «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման, որը դեռ պաշտոնապես արգելված է որպես ահաբեկչական կազմակերպություն բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում: Նոյեմբերի վերջին եւ դեկտեմբերի սկզբին այս կառույցը առաջատար դեր խաղաց Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի 24-ամյա վարչակարգի տապալման գործընթացում։
ԱՄՆ պատվիրակության կազմում, բացի Բարբարա Լիֆից, եղել են նախագահ Ջո Բայդենի պատանդների հարցերով բանագնաց Ռոջեր Քարստենսը եւ Պետքարտուղարության Մերձավոր Արեւելքի հարցերով բյուրոյի խորհրդական Դենիել Ռուբինշտեյնը: Սա ավելի քան 10 տարի ընդմիջումից հետո ԱՄՆ դիվանագետների առաջին ուղեւորությունն էր Դամասկոս։
Պետքարտուղարության խոսնակը հայտնել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են Սիրիայում «քաղաքական անցման սկզբունքները» եւ «Իսլամական պետության» դեմ պայքարը շարունակելու անհրաժեշտությունը։ Նրա խոսքերով՝ դիվանագետները նաեւ տեղեկություն են խնդրել Սիրիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում անհետացած ԱՄՆ երկու քաղաքացիների՝ 2012 թվականին Դամասկոսում առեւանգված լրագրող Օսթին Թայսի եւ 2017-ից անհետ կորած հոգեթերապեւտ Մաջդ Քամալմազի մասին։
Բացի այդ՝ նաեւ նշվում է, որ ԱՄՆ պատվիրակությունը հանդիպել է քաղաքացիական հասարակության եւ Սիրիայի տարբեր համայնքների ներկայացուցիչների հետ, քննարկել «իրենց երկրի ապագայի վերաբերյալ նրանց տեսլականը եւ այն հարցերը, թե ինչպես կարող է Միացյալ Նահանգները աջակցել նրանց»:
BBC-ն գրում է, որ Վաշինգտոնը, մի կողմից, «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի հետ աշխատելու պատրաստակամություն է ցուցադրում, մյուս կողմից՝ այս կազմակերպությանը դրդում իշխանությունը փոխանցել ներառական կառավարությանը, որը կներկայացնի սիրիական հասարակության ամբողջ կրոնական եւ էթնիկ սպեկտրը:
Փաստացի ամերիկացի դիվանագետները նախանշել են մի շարք պայմաններ, որոնց դեպքում նրանք պատրաստ են քննարկելու ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի հանելու հարցը եւ հետագայում Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների մեղմացումը:
ԱՄՆ-ը առաջին արեւմտյան երկիրը չէ, որը սկսել է կապեր հաստատել իշխանությունը վերցրած սիրիական ընդդիմության հետ։ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Եվրամիության ներկայացուցիչներն արդեն այցելել են Դամասկոս։
Համաշխարհային լրատվամիջոցներին տված բազմաթիվ հարցազրույցներում անձամբ Ալ-Շարաան ընդգծել է, որ վերացրել է ահաբեկչական կազմակերպությունների հետ իր նախկին կապերը եւ այժմ ավելի չափավոր հայացքներ է դավանում։