ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը խոստանում է, որ «կդադարեցնի տրանսգենդերների խելագարությունը» իր նախագահության առաջին իսկ օրը։ Այդ մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով դեկտեմբերի 22-ին Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում կայացած TurningPoint’s AmericaFest 2024 միջոցառմանը:
«Ես գործադիր հրաման կստորագրեմ, որը վերջ կդնի երեխաների սեռական խեղմանը, տրանսգենդերներին կհեռացնի բանակից եւ մեր տարրական, միջին եւ ավագ դպրոցներից»,- ասել է Թրամփը։ Նա նաեւ խոստացել է «տղամարդկանց հետ պահել կանանց սպորտից»:
ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, որոնք վերահսկում են Կոնգրեսի երկու պալատները, պայքարում են ԼԳԲՏ համայնքի իրավունքների դեմ։ Դեկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսը հաստատեց պաշտպանության տարեկան բյուջեն, որն արգելափակում է բանակում ծառայող տրանսգենդերների երեխաներին հատկացվող որոշ օգնությունների ֆինանսավորումը:
Նշենք նաեւ, որ ԱՄՆ-ը նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք՝ 2021 թվականին, առաջին անգամ սկսեց «X» սեռի նշիչով անձնագրեր տրամադրել, որը, պետքարտուղարության հայտարարության համաձայն, վերաբերում էր այն մարդկանց, ովքեր հրաժարվում են կոնկրետ սեռական պատկանելիություն նշելուց: