Մեծ, շատ մեծ լռություն կա սիրիահայերի, հատկապես նրանց ներկայացուցչություն համարվող հալեպահայերի շրջանում։ Ասադի վարչակարգի տապալումից հետո հալեպահայությունը զարմացած է եւ առայժմ լռությամբ է քողարկում իր զարմանքն ու ապշանքը։
Գաղտնիք չէ, որ Սիրիայում ապրող հայերի մեծամասնությունը երկար տարիներ անկեղծ նվիրյալն է եղել Սիրիայի՝ արդեն տապալված վարչակարգի, եւ այդ հավատարմությունն իշխանակարգին լիուլի գնահատվել է ռեժիմի կողմից։
Գուցե ոմանք առարկեն, թե Սիրիայի հայությունն էլ Մերձավոր Արեւելքի մյուս երկրների, Պարսից ծոցի եւ Իրանի հայկական համայնքների պես մի համայնք է, որտեղ տեղի հայկական կառույցները «օրգանական» կամ այլ կապերով փորձել են հարմարվել ու ապրել։ Մինչդեռ իրականությունն այն է, որ գրեթե բոլոր այդ տեղերում էլ հայերը ենթարկվել են իշխանությունների քմահաճույքներին եւ փոխարենը ստացել «հատուկ վերաբերմունք» հայության ու նույնիսկ՝ Հայաստանի հանդեպ, իսկ հեղափոխությունների դեպքում «կերել» լախտի հարվածը։
Այդպես է եղել դեռեւս Եգիպտոսում, երբ այնտեղի ծաղկուն հայկական համայնքն Ազգայնացման տարիներին գրեթե փլուզվել է, եւ եգիպտահայության մեծամասնությունը Գամալ Աբդել Նասերի բարձրացող աստղի լույսի տակ լքել է երկիրն ու հեռացել։ Ավելին՝ նրանց ահռելի հարստության՝ գումարների, կալվածների մի զգալի մասն անցել է Նասերի իշխանության ձեռքը։ Այդ բոլորն ապրելով, սակայն, հայությունը ոչ մի առիթով քննադատության կամ դժգոհության խոսք չի հնչեցրել Նասերի կամ նրան հաջորդած զորավար-նախագահների հասցեին, որոնք կառավարել են Եգիպտոսը։
Սիրիան տարբերվում է Եգիպտոսից այն առումով, որ այստեղ հայության գրեթե բոլոր շերտերը, քաղաքական մարմինները գործակցության ինչ-որ մակարդակ են պահպանել երկրի իշխանությունների, գաղտնի սպասարկության (տխրահռչակ «Մուխաբարաթ»-ի), անգամ՝ նախագահական կառույցի հետ։
Այդ տարիներին էր նաեւ, որ Հալեպի, Դամասկոսի, Լաթակիայի, նույնիսկ Հոմսի, Համայի եւ Դեր Զորի հայությանը տրվել էին որոշակի իրավասություններ եւ իրավունքներ, որոնցից հիմնականում օգտվում էին հայկական համայնքի «մեծամեծներ»-ը կամ, ինչպես սփյուռքով մեկ ընդունված է ասել, «յան-յաններ»-ը (սա հայկական ազգանվան «յան» մասնիկի միջոցով հարուստ կամ ազդեցիկ հայ ընտանիքներին սփյուռքում տրվող հավաքական հորջորջանք-մականուն է)։
Այդ օտար երկրում երջանիկ ապրելու «ներքին կարգն» էր դա, որից հալեպահայության սեղմ օղակում պարփակված հայերի փոքրամասնությունն էր օգտվում, իսկ հայության մեծ տոկոսը հար եւ նման էր երկրի մյուս սիրիացի բնակիչներին՝ զրկված տարրական կարիքներից, եւ գոյատեւում էր այդպես, մինչեւ որ դեպի դուրս բացվող պատուհան էր գտնում ու վերջնականապես հեռանում Սիրիայից։
Հաֆեզ Ասադի ժամանակներից նվիրականացված այս ոճը շարունակվում էր նաեւ որդի Ասադի իշխանության օրերին, եւ հայությունն այնտեղ շարունակում էր ապրել երկու իրականությունների միջեւ։
Եթե իրենց՝ սիրիահայությանը հարցնես, իրենք մեկնաբանության իրե՛նց ելակետն ունեն. նրանց համար Ասադի վարչակարգը հիմնման առաջին իսկ օրից եղել է սիրիական հայրենիքի փրկիչն ու ազատարարը։ Այս վարկածը հաստատելու համար հալեպահայերն իրենց պատմական ասույթներն են հնչեցնում, թե իբր հայր Ասադը երկիրն ազատել է հաճախակի կրկնվող հեղաշրջումներից, իսկ որդի Ասադը, հոր այս «ավանդ»-ը պահպանելով հանդերձ, վերանորոգել է երկրի հնացած համակարգը։
Անշուշտ, այս իրենց հավատացածին նրանք հավելում են նաեւ, որ միջազգային դավադրություն է եղել՝ Իսրայելի, Կատարի եւ Թուրքիայի մասնակցությամբ, որը խաթարել է իրենց շատ բացառիկ կյանքը, որ ունեին մինչեւ 2011 թվականի կեսերը, երբ Սիրիայում դրվեց քաղաքացիական բողոքի շարժումների սկիզբը։
Ակնհայտ է, որ այս մտայնությունը վկայում է նրանց քաղաքացիական կեցվածքի բացակայության մասին, բռնատերերին ցույց տրված երախտիքի ու հնազանդության մասին, եւ այս կեցվածքը վիրավորանք է բոլոր այն մարդկանց հանդեպ, որ Սիրիայում հանուն իշխանափոխության փողոց իջան ու, մահն իրենց աչքերի առջև, պայքարեցին, որ Ասադը տապալվի, ու իրենք կարողանան կերտել նոր ու երազած Սիրիա։
Սա հալեպահայության ապրելակերպի որդեգրված ձեւն էր, ու այսօր, երբ մեծ փոփոխությունների իրական հուն է բացվել, նրանք (կամ նրանց մի կարեւոր հատվածը) ոչ միայն վախով են հետեւում զարգացումներին, այլեւ խորքային մակարդակով առնվազն ուրախ չեն Սիրիայում տեղի ունեցող տարերային ու անսպասելի զարգացումներով։
Կարո՞ղ էր հայությունը այլ կերպ շարժվել այդ երկրում՝ դժվար է ասել։ Կամ այն հայերը, որոնք հեռացան Սիրիայից, կարո՞ղ էին շարունակել ապրել այնտեղ՝ կրկին դժվար է ասել: Հայտնի է միայն, որ վաչկատուն ցեղերի վարքը ստիպեց, որ դատարկվեն Մերձավոր Արեւելքի հայագաղութները, որոնք դեռ շատ պիտի դատարկվեն, ու նրանց փոխարեն Կանադայի ու Ամերիկայի գաղութները հարստացան ու դեռ պիտի հարստանան։ Ոչ միայն Սիրիայի հայությունը, այլեւ ամբողջ հայությունն այս տարածաշրջանում մեծ բացթողումներ գործեց, իր խնդիրների խորքային ընթերցում չկատարեց ու նաեւ գերագնահատեց Ռուսասատանի եւ Իրանի դերն ու օգնությունը, որոնք մեկ գիշերվա ընթացքում, ինչպես տեսանք, «ծախեցին» Ասադին ու նրա իշխանությանը։
Այսօր արդեն նոր օր է Սիրիայում, եւ մեզ համար այսօր օդ ու ջրի պես կարեւոր է երկրի հայության ճիշտ ու անթերի տեսակետ ունենալը։ Այդ դիրքորոշման մեջ հարգված պետք է լինեն Հալեպի, Դամասկոսի եւ այլ քաղաքների հայկական օջախների ու անհատների որոշումները, որի հիման վրա էլ հնարավոր պիտի լինի առանց աղմուկի կատարել պարտ ու պատշաճը։
Հայաստանի համար էլ մեծ առումով քաղաքական արեւելումից կամ համայնքային ներկայությունից այն կողմ այս հարցում կարեւոր իմաստ ունի սիրիահայության ներկայությունն այդ ափերին, բայց այդ մոտեցումը կարող է շատ արագ հալչել Սիրիայի նոր ու տաք ջրերում, եթե չուղեկցվի իրական գործերով։
Լիբանանահայ լրագրող, մեկնաբան։ 2012-ին տեղափոխվել է Հայաստան։ Մասնագիտացել է արաբ-իսրայելյան հակամարտության հարցում եւ համոզված է, որ այդ հակամարտությունը տարածաշրջանային բոլոր կոնֆլիկտների «հայրն» է։ Լուսաբանում է նաեւ հայ համայնքների խնդիրները։
2022-ին հրատարակել է Պոլսի հայությանը նվիրված «33 ձայն Իսթանպուլէն. ինչպէս ճանչցայ պոլսահայութիւնը» խորագրով վավերագրությունը, 2024-ին՝ կիպրահայերի տեղաշարժի մասին «Բաժնուած կղզին» խորագրով գիրքը։