Ձուկն ու չրեղենը, միրգն ու բանջարեղենը, մայթեզրերից մինչեւ արձանների պատվանդաններ շարած, Գյումրիում «էստի համեցեք» են կանչում: Քաղաքի կենտրոնը՝ Հաղթանակի պողոտան, Շահումյան փողոցը հարակից տարածքներով մինչեւ կենտրոնական հրապարակ այնպես են զավթված առեւտրականների կողմից, որ քայլելու, անցնելու տեղ չկա:
Թեեւ մարդիկ ամանորյա գնումները կատարում են փողոցից, բայց դժգոհողներն էլ են շատ. համացանցում անդադար գրառումներ են անում, արդեն անհույս պահանջում, որ քաղաքում դադարեցվի ապօրինի, բացօթյա առեւտուրը:
Խնդիրը Գյումրիում նոր չէ: Երեք տասնամյակից ավելի է, ինչ բոլոր ղեկավարները հարցին լուծում տալ են փորձել, բայց ապարդյուն. առեւտրականներն ինչպես փողոցում սննդամթերք էին վաճառում, այնպես էլ նույն տեղերում մնացել են:
Մինչեւ 1988 թվականի երկրաշարժը քաղաքն ունեցել է կոլորիտային, կանոնավոր, մաքուր շուկա: Տարեցները հիշում են, որ Լենինականի շուկան քաղաքի դեմքն էր, այնտեղից առեւտուր անելն էլ, անհրաժեշտ լինելուց բացի, հաճելի զբաղմունք:
1990-ականներից առեւտուրը շուկայից դուրս եկավ փողոց. քաղաքային իշխանությունները երկրաշարժից վթարված տարածքը նորոգելու փոխարեն վաճառեցին: Սեփականատերը խոստացել էր վերանորոգել ու վերաբացել այն, բայց ոչ մի խոստում չիրականացրեց, ճիշտ հակառակը՝ քաղաքի սրտում գտնվող տարածքը վերածվեց հսկա աղբանոցի, որտեղ շներին ու կատուներին թիվ ու հաշիվ չկա:
Այդ նույն ընթացքում հաճոյանալու մոլուցքով տարված քաղաքային իշխանությունն աջ ու ձախ կրպակներ դնելու եւ բացօթյա առեւտուր անելու թույլտվություններ էր բաշխում քաղաքացիներին՝ ժողովրդի ականջին հաճո պատճառաբանությամբ, թե հացի խնդիր են լուծում:
Միայն այս տարեսկզբին ԵՄ-ն 2,5 միլիոն եվրո է հատկացրել, որ Գյումրու հին շուկան վերակառուցվի: Իսկ մինչեւ հսկայական այդ ծրագրի իրականություն դառնալը առեւտրով զբաղվող քաղաքացիների հարցը շարունակում է օդում կախված մնալ:
Հարցին լուծում տալու վերջին զանգվածային գործընթացը 2021 թվականի դեկտեմբերին էր մեկնարկել, գործընթացի հեղինակն այն ժամանակվա Գյումրու քաղաքապետի տեղակալ, այժմ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն էր:
Գյումրու քաղաքապետարանը բացօթյա առեւտուրն արգելելու որոշում էր ընդունել, առեւտրով զբաղվողներին ժամանակ էր տրվել ազատելու փողոցներն ու մայթերը: Բացի այդ՝ քաղաքապետարանը որոշել էր ամբողջությամբ վերացնել «Լաչինի միջանցք» կոչվող հատվածի շուկան, հանել բոլոր տաղավարները, տարածքն էլ դարձնել ավտոմեքենաների համար երթեւեկելի միակողմանի փողոց: Գյումրեցիների եւ հյուրերի՝ ազատ փողոցներով հիանալու եւ քայլելու ուրախությունը կարճ տեւեց: Ոստիկանական ուժերի ճնշմամբ ազատված փողոցներն օրեր անց կրկին փնթի շուկայի վերածվեցին:
Այս իրավիճակում մեղադրել միայն առեւտրականներին եւ նրանցից գնումներ կատարող քաղաքացիներին, արդար չէ, քանի որ քաղաքապետարանն այդպես էլ չկարողացավ նրանց այլընտրանք առաջարկել: Ուղղորդում էին սեփականատեր ունեցող Միկրոյի շուկա, առեւտրականներն էլ կտրուկ մերժում էին՝ պատճառաբանելով, որ սեփականատերն իր ուզած գինն ու պայմանները կթելադրի:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից տեղեկացնում են, որ իրենք գործ չունեն առեւտուրն արգելելու հետ, եւ որ իրենց աշխատանքը միայն իրավաբանական անձանց՝ սննդի կետերի, արտադրամասերի հետ է:
ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունն ասում է՝ լուծում տվողը քաղաքապետարանն է, ոստիկանությունը համատեղ աշխատանք պետք է տանի, մենակ չեն կարող անել: Մինչեւ քաղաքապետարանից գրություն չստանան, գործելու իրավունք չունեն:
Մինչեւ կորոշվի, թե ով է մեղավոր, ով իր գործը չի անում, բացի քաղաքի դիմագծի աղավաղումից, նաեւ լուրջ վտանգ կա, որ գետնի վրա վաճառվող սննդամթերքը կարող է վնասել ազգաբնակչության առողջությանը:
Բժիշկ-սննդաբան Գայանե Շահխաթունին ասում է՝ փողոցում վաճառվող սննդամթերքի սանիտարական-հիգիենիկ պայմանների մասին խոսք լինել չի կարող. նախ հստակ կանոններով սահմանված ջերմաստիճան ապահովելն է անհնարին, ինչի պատճառով խաթարվում է մթերքի բնական կազմը:
Ամենագլխավոր վտանգներից մեկն էլ մթերքի աղտոտումն է համարում, գնված մթերքի վրա կարող է ներթափանցած լինել փոշի, մեքենաների ծուխը, վտանգավոր է տարածքում կենդանիների լինելը եւ այլ գործոններ:
Սննդաբանը զգուշացնում է, որ փողոցից գնված ոչ միայն կաթնամթերքն ու մսամթերքն են վտանգավոր, այլեւ միրգը, բանջարեղենը, կանաչիները, քանի որ հնարավոր է՝ կոնցերոգեն նյութերը ներթափանցած լինեն մինչեւ անգամ մրգի կեղեւի տակ:
Սննդաբանը զգուշացնում է, որ ցանկացած մթերք վաճառելուց առաջ պետք է ունենա սերտիֆիկացում, որտեղ հստակ նշված է, թե տվյալ մթերքը քանի օրում կարելի է վաճառել: Դրսում վաճառվող սնունդը չունի փաստաթղթավորում, հետեւաբար հիվանդանալու դեպքում ոչ ոք պատասխանատվություն չի կրի դրա համար: Ուստի առաջարկում է չգնալ ռիսկի եւ չօգտվել փողոցում վաճառվող սննդամթերքից, գնելու դեպքում էլ լվանալ երկար, հոսող ջրի տակ:
Կլուծվի այս հարցը թե ոչ՝ դեռ ոչ ոք չգիտի, բայց գյումրեցիները հույս ունեն, որ քաղաքապետի նոր պաշտոնակատարը եւ Շիրակի նոր մարզպետը հարցը կկարեւորեն եւ լուծման ուղիներ կգտնեն:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։