ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է Պանամայի ջրանցքի վերահսկողության վերադարձ պահանջել, եթե դրա օգտագործման ներկայիս պայմանները չվերանայվեն։ Այդ մասին նա ասել է դեկտեմբերի 22-ին Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում անցկացվող AmericaFest 2024-ի իր ելույթում, գրում է Reuters-ը։
Թրամփն ընդգծել է, որ Պանամայի ջրանցքը Միացյալ Նահանգների ռազմավարական կարեւորագույն արժեքն է, որն ապահովում է երկրի տնտեսական կայունությունն ու անվտանգությունը։
«Եթե չհարգվեն բարոյական եւ իրավական այն սկզբունքները, որոնց հիման վրա ջրանցքի վերհասկողությունը փոխանցվել է Պանամային, ապա մենք կպահանջենք դրա ամբողջական վերադարձը»,- նշել է Թրամփը՝ հավելելով, որ ջրանցքի վերհասկողությունը երբեք չպետք մնա «սխալ ձեռքերում»։
Թրամփը քննադատել է ջրանցքից օգտվելու համար գանձվող բարձր մաքսատուրքերը եւ ընդգծել, որ 1999 թվականին ջրանցքի վերահսկողության փոխանցումը «համագործակցության ժեստ» էր, այլ ոչ թե այլ երկրների օգտին կատարված զիջում։ «Ջրանցքը չեպտք է ուրիշների հարստացման միջոց դառնա, որի ստեղծման համար Միացյալ Նահանգները վատնել է սեփական քաղաքացիների կյանքերը եւ ծախսել հսկայական ռեսուրսներ»,- ասել է նորընտիր նախագահը եւ Պանամայի իշխանություններին կոչ արել վերանայել իրենց քաղաքականությունը։
Պանամայի ջրանցքը, որը շահագործման է հանձնվել 1914 թվականից, կառուցվել եւ վերահսկվել է Միացյալ Նահանգների կողմից։ 1977 թվականին ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերը եւ Պանամայի պետության ղեկավար Օմար Տորիյոսը համաձայնություն կնքեցին ջրանցքը ԱՄՆ իրավասությունից աստիճանաբար հանելու վերաբերյալ, որը ավարտվեց 1999 թվականին։ Պայմանագրով նախատեսվում է ջրանցքը համարել չեզոք եւ հասանելի համաշխարհային առեւտրի համար։