Հարավային Կորեայի ԶՈՒ միացյալ շտաբի պետերի կոմիտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ-Հյուսիսային Կորեա) անդառնալի կորուստները ուկրաինական բանակի դեմ մարտերում կազմել է 1100 մարդ։ Այդ մասին դեկտեմբերի 23-ին հայտնել է Yonhap-ը։
Բացի այդ՝ հայտարարության մեջ նշվում է, որ Հյուսիսային Կորեան մեծ հավանականությամբ պատրաստվում է լրացուցիչ զորքեր եւ զինտեխնիկա ուղարկելու Ռուսաստան՝ պատերազմում ռուսական բանակին աջակցելու համար։ «Բազմաթիվ հետախուզական բացահայտումների համապարփակ գնահատումը ցույց է տալիս, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է ռոտացիայի կամ [Ռուսաստանում] զորքերի տեղակայման նոր փուլի»,- ասել է Միացյալ շտաբի պետը:
Ըստ Սեուլի՝ Հյուսիսային Կորեան կարող է նաեւ Ռուսաստանին հարձակողական անօդաչու սարքեր մատակարարել։ Ըստ զինվորականների՝ «կան նշաններ», որ Հյուսիսային Կորեան սկսում է անօդաչու թռչող սարքեր արտադրել, ինչի մասին առաջին անգամ հայտնի դարձավ նոյեմբերին։
Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի տվյալներով՝ ԿԺԴՀ-ի իշխանությունները Ռուսաստան են ուղարկել 10-12 հազար զինվորականի՝ ռուս-ուկրաինական պատերազմին մասնակցելու համար։