ԱՄՆ Պետդեպարտամենտը թարմացրել է Բելառուս ուղեւորվող ամերիկացիներին տրվող խորհրդատվությունները՝ կոչ անելով ձեռնպահ մնալ այդ երկիր ուղեւորությունից։
Պետդեպարտամենտի կայքում նոր խորհրդատվությունները հրապարակվել են դեկտեմբերի 18-ին, որոնց վրա միայն այժմ են ուշադրություն դարձրել ռուսական լրատվամիջոցները։
«Բելառուսի իշխանությունների կողմից տեղական օրենքների կամայական կիրառման եւ կալանավորման վտանգի, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին շարունակական աջակցության եւ տարածաշրջանային անկայունության եւ անկանխատեսելիության աճի պատճառով մի՛ ուղեւորվեք Բելառուս»,- ասվում է հայտարարության տեքստում։
Նաեւ Բելառուսում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արվում անհապաղ լքել երկիրը։
ԱՄՆ Պետդեպարտամենտը Մինսկում իր դեսպանատան աշխատանքը կասեցրել է 2022 թվականի փետրվարի 28-ին՝ ռուս-ուկրաինական լայնածավալ պատերազմի սկսվելուց անմիջապես հետո։ Այդ ժամանակ էլ «Зеркало»-ն գրել էր, որ Պետդեպարտամենտը ամերիկացիներին խորհուրդ է տվել լքել երկիրը։