Հայաստանի նախկին երեք նախագահները նախօրեին հրաժարվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանավեճի հրավերից՝ պնդելով, որ իրականության խեղաթյուրում է նրա այն պնդումը, թե «1994 թվականից ի վեր, այսինքն՝ հրադադարից հետո, մեկնարկի պահից բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»։
«Ուրիշ որեւէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել: Ուրիշ բովանդակության մասին խոսույթները Հայաստանի Հանրապետությունում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար»,- գրել էր Փաշինյանը ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ 2018-ին մեծ սխալ է գործել այդ ամենը ինքն իրեն չխոստովանելով եւ ժողովրդին չպարզաբանելով:
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը Ֆեյսբուքում որպես պատասխան գրել էր, որ պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախեւառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ։
«Արդյունքում, վստահ եմ՝ բանավեճի երկու կողմն էլ արդարացիորեն կհիմնավորի դիմացինի ստախոս լինելը»,- գրել է Մուսինյանը՝ հավելելով, որ այդ բանավեճը «չափազանց օգտակար կլինի ոչ միայն Ղարաբաղյան հարցի շուրջ, այլեւ հասարակությանը հուզող ցանկացած այլ թեմայով. Ամուլսար, բանկերի մենատիրություն, ԲՈՒՀ-երի կառավարման կուսակցականացում, դեսպանների նշանակման քաղաքականացում, պետական/քաղաքական պաշտոնյաների կողմից իրականացվող հովանավորչություն եւ տարատեսակ տենդերների միջոցով պետական բյուջեի մսխում, պադավատապետություն, դատական համակարգի անկախության ոչնչացում եւ sms-ով դատական բարձրագույն պաշտոնյաների ազատում, քաղաքական հակառակորդների դեմ իրավապահ մարմիններին որպես մահակ գործածում եւ այլն: Արդյունքը կրկին նույնն է լինելու»:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն էլ, պատասխանելով Փաշինյանին, նշել էր, որ «Արցախի եւ Հայաստանի սուվերեն տարածքների հանձնումը գործող վարչապետի անձնական «վաստակն» է»։
«2018-2024 թվականներին Հայաստանում մեկ մարդ է ունեցել ամբողջական իշխանություն, եւ այդ մեկ մարդն է կրում բոլոր իրադարձությունների ամբողջական պատասխանատվությունը։ Մեկ մարդ է հայտարարել, որ բանակցում է իր սեփական կետից, ինչ որ պետք է՝ այն էլ բանակցում է, եւ այդ մեկ մարդը գործող վարչապետն է։ Տիկտոկյան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ, իհարկե, չի քննարկի»,- ասվում է Միկոյանի պատասխան հայտարարության տեքստում։
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից էլ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան նշել էին, որ բանավեճը անիմաստ է, քանի որ ինչպես 2018-ի իշխանափոխությունից առաջ, այնպես էլ դրանից հետո հրապարակային ներկայացվել է Արցախի շուրջ բանակցային գործընթացի ամբողջական պատմությունը։
«Հայաստանի կառավարիչն ամեն ինչ արեց բանակցային գործընթացը ձախողելու համար: Եթե նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների՝ ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների հետ, ովքեր 2009-2013 թվականներին հինգ անգամ հայտարարել են բանակցային ձեւաչափի եւ այն սկզբունքների մասին, որոնց հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը։ Չէր խանգարի, որ մեկ-մեկ էլ լսեր իր «կիրթ ու կառուցողական» գործընկերոջ ինչպես 2016 թվականի, այնպես էլ հետպատերազմյան խոստովանությունները»,- ասվում է մեջբերվող հայտարարության տեքստում: