Հյուսիսային Կորեայից Ռուսաստան տեղափոխված զինվորականներից, որոնք մասնակցել են Կուրսկի մարզում ուկրաինական բանակի դեմ մարտերին, զոհվել ու վիրավորվել է ավելի քան երեք հազարը։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժողովրդին հղած իր երեկոյան ուղերձում։
«Ռուսաստանը նրանց պարզապես ոչնչացնում է հարձակումների ժամանակ։ Թե ինչու կորեացիները պետք է պայքարեն [ՌԴ նախագահ Վլադիմիր] Պուտինի համար, երկրի վրա ոչ մի նորմալ մարդ չի կարող պատասխանել։ Եվ, ցավոք, աշխարհը գրեթե ոչինչ չի անում Ռուսաստանի եւ Հյուսիսային Կորեայի հանցավոր համագործակցությանը հակազդելու համար»,- ասել է Զելենսկին։
Նա ընդգծել է, որ Մոսկվայի ու Փհենյանի նման համագործակցությունը սպառնալիք է առաջին հերթին Կորեական թերակղզու հարեւան երկրների, այդ թվում եւ Չինաստանի համար։
Հարավային Կորեայի ռազմական հետախուզությունը ռուս-ուկրաինական պատերազմում Հյուսիսային Կորեայի անդառնալի կորուստները գնահատում է 1100 մարդ։ Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի տվյալներով՝ ԿԺԴՀ-ի իշխանությունները Ռուսաստան են ուղարկել 10-12 հազար զինվորականի՝ պատերազմին մասնակցելու համար։
Ամերիկյան հետախուզության աշխատակիցները The New York Times-ին անանուն մնալու պայմանով հայտնել են, որ Հյուսիսային Կորեայի զինվորներին Ուկրաինայի դեմ պատերազմին ուղարկելու գաղափարը առաջ է քաշել անձամբ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը, իսկ Վլադիմիր Պուտինը «արագորեն աջակցել է դրան»: