Ելիսեյան պալատը հրապարակել է Ֆրանսիայի նոր կառավարության կազմը, որը ձեւավորել է նորանշանակ վարչապետ Ֆրանսուա Բայրուն։ 2024 թվականի ընթացքում սա արդեն նախարարների չորրորդ կաբինետն է։
Երկրի նախորդող կառավարությունը ցրվեց, երբ դեկտեմբերի 4-ին Ֆրանսիայի խորհրդարանը շուրջ երեք ամսվա աշխատանքից հետո անվստահություն հայտնեց նախկին վարչապետ Միշել Բարնիեի կաբինետին՝ 2025 թվականի սոցիալական ապհովագրության համար նախատեսված բյուջեն առանց օրենսդիրների հետ համաձայնության հաստատելու համար։
Կառավարության անդամների նոր ցանկից հետեւում է, որ նախարարներից յոթը պահպանել են իրենց պաշտոնները, այդ թվում պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն եւ արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ 2022 թվականի մայիսից մինչեւ 2024 թվականի հունվարը վարչապետի պաշտոնը զբաղեցրած Էլիզաբեթ Բորնը, որը վայելում է Բայրուի աջակցությունը, նշանակվել է կրթության նախարարի պաշտոնում։
Ֆրանսիայի նոր կառավարության առաջին նիստը նշանակված է 2025 թվականի հունվարի 3-ին։
Բայրուի կաբինետի գլխավոր խնդիրը լինելու է 2025 թվականի բյուջեի ընդունումը պառակտված Ազգային ժողովի պայմաններում։ Ֆրանսիական մամուլը նշում է, որ նոր կաբինետի համար չափազանց դժվար կլինի հավասարակշռել աջակողմյան ու ձախակողմյան խմբակցություններին։ Նման պայմաններում կառավարության կայունությունը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։
Նախկին վարչապետ Բարնիեի կառավարությունը կարողանում էր որոշակի հավասարակշռություն պահպանել, քանի որ երրորդ ծայրահեղ աջ դաշինքը՝ Մարին Լը Պենի գլխավորությամբ, ձեռնպահ էր մնում նրա կաբինետին անվստահություն հայտնելու օգտին քվեարկելուց: Սակայն երբ Լը Պենը փոխեց իր դիրքորոշումը, նրա համախոհների եւ ձախ դաշինքի ձայները բավարար էին կառավարությանը ցրելու համար։
Ինչ վերաբերում է Ազգային ժողովին, ապա Ֆրանսիայի նախագահը իրավունք չունի այն ցրելու անցկացված վերջին ընտրություններից հետո մեկ տարվա ընթացքում։ Ֆրանսիայում խորհրդարանական ընտրություններն անցկացվել էին հուլիսի 8-ին։