Թուրքիան եւ Սիրիայի նոր իշխանությունները կարող են համատեղ ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի հյուսիսում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK՝ ճանաչված է ահաբեկչական Անկարայի կողմից) ուժերի դեմ, եթե քուրդ զինյալները վայր չդնեն զենքերը։ Այդ մասին հայտնում է կառավարամետ Hürriyet թերթը։
Անկարան Սիրիայի համար ճանապարհային քարտեզ է մշակել, որը կենտրոնացած է երկրի վերակառուցման վրա։ Դրա առաջնահերթ խնդիրը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» եւ դրա սիրիական ճյուղի՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» զինաթափումն ու «լիկվիդացումն» են (YPG), գրում է թերթը։
«Անցումային կառավարության ձեւավորումից հետո [Սիրիայի] իշխանությունները կոչ կանեն ահաբեկչական խմբավորումներին, մասնավորապես «PKK»-ին, «YPG»-ին եւ «Իսլամական պետությանը», վայր դնել զենքերը եւ միանալ սիրիական կանոնավոր բանակին։ Եթե «PKK»-ն եւ «YPG»-ն բացասաբար արձագանքեն այս կոչին, ապա սիրիական բանակը եւ թուրքական զինված ուժերը համատեղ ռազմական գործողություններ կանցկացնեն նրանց դեմ՝ նրանց խմբավորման կողմից վերահսկվող տարածքներից հեռացնելու նպատակով»,- գրում է Hürriyet-ը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի կառավարության նիստից հետո ժողովրդին հղած ուղերձում ասել է, որ հանրապետության զինված ուժերը կշարունակեն թիրախային գործողություններ իրականացնել Սիրիայի հյուսիսում «PKK» եւ «YPG» ուժերի դեմ: Նա ընդգծել է, որ ապագայում Սիրիայի եւ տարածաշրջանի համար «ոչ մի ահաբեկչական կազմակերպության տեղ չկա, նրանք կա՛մ կինքնալուծարվեն, կա՛մ կկործանվեն»։
Դեկտեմբերի 22-ին նման հայտարարություն հնչեցրել էր նաեւ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Սիրիայի փաստացի ղեկավար Ահմադ ալ-Շարաայի (Ալ-Ջուլանիի) հետ հանդիպումից հետո։ Հայտարարելով, որ «PKK»-ն եւ «YPG»-ն պետք է ինքնալուծարվեն՝ Ֆիդանն ընդգծել էր, որ Անկարան պատրաստ է Սիրիային «հնարավորինս ուժեղ աջակցություն ցուցաբերելու ահաբեկչության դեմ պայքարին»։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 27-ին Սիրիայի հյուսիս-արեւմուտքում հակակառավարական ուժերի սկսած հարձակման հետեւանքով Բաշար ալ-Ասադի կառավարությունը երեք օրվա ընթացքում կորցրեց Հալեպը։ Արդեն դեկտեմբերի 5-ին ընկավ Համան, իսկ 7-ին՝ Հոմսը։ Զուգահեռաբար սիրիական բանակը Դեյր ալ-Զոր քաղաքի վերահսկողությունը հանձնել էր քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կազմավորմանը՝ փորձելով ամրացնել հարձակվող ապստամբների դեմ պայքարող մյուս ստորաբաժանումները։
Այս նույն ժամանակահատվածում դեկտեմբերի 6-ից արդեն զինված ապստամբություններ էին բռնկվել նաեւ Սիրիայի հարավային Դերա նահանգում։
Դեկտեմբերի 8-ին ապստամբները գրավեցին մայրաքաղաք Դամասկոսը եւ հայտարարեցին Բաշար ալ-Ասադի 24-ամյա իշխանության տապալման մասին։ Սիրիայի վարչապետ Մուհամմադ Ղազի ալ-Ջալալին իր պատրաստակամությունն էր հայտնել հանրապետությունում իշխանության խաղաղ փոխանցման համար։
Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը հունվարից գլխավորում էր, այսպես կոչված, «Սիրիայի փրկության կառավարությունը»՝ ձեւավորված Իդլիբ նահանգում ընդդիմության կողմից, նշանակվեց Սիրիայի անցումային կառավարության ղեկավար։
Անցումային շրջանը Սիրիայում կտեւի մինչեւ 2025 թվականի մարտի 1-ը։