ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, պատասխանելով իր քննադատներին, մեջբերում է արել ոմանց գրվածքներից եւ նշել, որ իր` ««Կրթվելը նորաձեւ է» արշավի նպատակը մտքի հեղինակին տգիտության ճիրաններից ազատագրելն է, հանդարտեցնելն ու ինքն իր հետ հաշտեցնելը»: Սույն տրամաբանությունը, թե իրենց քննադատողները տգետներ են, ու այդ ճիրաններից ազատվելու համար է իրենց արշավը, մեղմ ասած, խնդրահարույց է, եթե չասենք՝ հակահանրային, կրթության հումանիստական գաղափարին հակասող, վիրավորական ու, թե կուզեք, սպառնալից:
Ստացվում է, որ տիկին Հակոբյանի՝ կրթվելը նորաձեւ է արշավը ոչ թե հանուն կրթության է, այլ ընդդեմ իր ու իր վարչապետ ամուսնու քննադատների: Ըստ տիկին Հակոբյանի տրամաբանության, եթե իրենց քննադատում են, ապա տգետ են, տգիտության ճիրաններում են եւ կարիք ունեն կրթվելու, որպեսզի իրենց չքննադատեն: Այս նույն պատճառահետեւանքային շղթայով կարելի է մարդկանց բաժանել երկու խմբի. Փաշինյանի ու Հակոբյանի աներկբա աջակիցների՝ պայմանական «գրագետների», եւ քննադատների՝ աներկբա «տգետների»:
Տիկին Հակոբյանը, որ գիշերուզօր խոսում է կրթության կարեւորության մասին, պարզապես ցուցադրում է, թե որքան հեռու է կրթության գաղափարի ու դրա բովանդակության, կրթության սոցիալական ու հանրային ֆունկցիաների ընկալումից: Դեռեւս վերածննդի եւ լուսավորության դարաշրջանից կրթության նպատակը դիմացինին ու շրջակա աշխարհը ճանաչելն ու հասկանալն է: Չկա կրթություն առանց իմացության, եւ չկա իմացություն առանց կասկածի: Կասկած նախ սեփական գիտելիքի, ապա դիմացի մարդու եւ աշխարհի ճանաչման գործընթացում։ Աշխարհի ճանաչումը չընդհատվող գործընթաց է, որովհետեւ դրա օբյեկտները՝ աշխարհն ու մարդը, անընդհատ փոփոխվում են։ Եթե ձեզ հանդիպած մարդը իրեն կիրթ է համարում ու կասկած չունի սեփական իմացածի ու չիմացածի մասին, ուրեմն նա ոչ թե կրթության, այլ աներկբա հավատի ու, կասեի, դրա անքննելիության, այսինքն՝ ինչ-որ առումով «բացարձակ ճշմարտությունների»՝ աղանդային մտածելակերպի մաս է: Հիմա ստացվում է, որ ՀՀ վարչապետի տիկինը դույզն-ինչ չի կասկածում, որ ինքն ու իր ամուսինը կարող են սխալական լինել, կարող են քննադատության արժանի լինել, իսկ իրենց քննադատներն ամենեւին պարտադիր չէ, որ տգետ լինեն ու գտնվեն «տգիտության ճիրաններում»: Սա գիշերուզօր կրթության մասին խոսողների ու նրանց առաջնորդի նեղմտության, կրթության բովանդակության չընկալման, սահմանափակ գիտելիքի ու կրթության բուն էությունը չհասկանալու մասին թերեւս լավագույն ցուցիչն է:
Բայց սա դեռ ամենը չէ: Այս առումով, կարելի է ենթադրել, որ կրթվել ասելով ու տգիտության ճիրաններից ազատելու կոչով հարգարժան տիկին Հակոբյանը հասկանում է մարդկանց իդեոլոգիական «մշակում»՝ դոկտրինացիա, որ իրենց ընտանիքին չքննադատեն. երբ մարդկանց ոչ թե կրթում են ինքնահայող, ինքնաքննադատ լինել ու դեկարտյան կասկածի միջոցով գիտելիք ստանալ, այլ լինել միագիծ, նեղմիտ, սահմանափակ, մեկ-բացարձակ ճշմարտություն կրող, անզիջում, մարտնչող մի ինչ-որ քաղաքական աղանդավոր՝ Փաշինյանի եւ նրա տիկնոջ քարոզչությունը անխոս կիսող ու իրենց հետ չհամաձայնողներին տգետ պիտակող: Արդյունքում գործ ունենք ոչ թե կրթության արշավի, այլ չինական մշակության հեղափոխության գավառական կապկման, երբ ընկեր Մաո Ցզե Դունն ու նրա տիկինը՝ Ցյան Ցինը, հռչակեցին «մշակութային հեղափոխություն»՝ փաստացի զտումներ եւ ձերբակալություններ սկսելով չինական կոմկուսի ու հասարակության շարքերում՝ ձերբազատվելով իրենց հակառակորդներից ու երիտասարդությանը սարքելով իրենց բութ գործիքը իշխանության համար պայքարում եւ վհուկների որս սկսելով ամբողջ հասարակությունում։ Նրանց նպատակը ոչ թե հասարակության կրթական մակարդակն էր, ոչ թե հասարակության զարգացումն ու բարգավաճումը, այլ մարդկանց դոկտրինացիան, սեփական ընտրազանգվածի ու ենթակաների վերամշակումը, որպեսզի հավատան, սիրեն ու անքննելի եւ քննադատությունից դուրս համարեն սեփական առաջնորդներին` անսխալական, գրեթե աստվածացման հասնող զույգին: Իսկ նրանք, ովքեր կքննադատեն առաջնորդ զույգին, կհռչակվեն տգետ, նախկին, 5-րդ շարասյուն, դավաճան, ծախված. պիտակավորումները կարող եք ընտրել ըստ ճաշակի ու նախորդիվ քարոզչության:
Հայկական իրականությունում այս արշավը, ուրեմն, ոչ թե հասկանալու, իրերին ու իրավիճակներին քննադատաբար մոտենալու կամ դիմացինին ճանաչելու, այլ պիտակավորելու, դեմոնիզացնելու, վիրավորելու ու «ով մեր հետ չէ` տգետ է» կարգախոսով լուսանցք մղելու համար է: Դեկարտի, Մոնտեսքյոյի, Հեգելի, Կանտի ու Արիստոտելի, Բորխեսի, Լյոսայի ու այլոց կրթության ու համերաշխության, գիտելիքի ու մարդկանց միավորման, կրթության ներառականության ու առաջադիմության գաղափարը գլխիվայր շրջվել է մերօրյա Հայաստանում։ Այստեղ հարկատուի հաշվին ապրող, հարկատուի հաշվին կառավարական բարիքներից օգտվող, հարկատուի հաշվին ուտող, խմող ու քնող, թիկնապահ պահող պաշտոնյաներն ու նրանց ընտանիքի անդամները նույնը այդ հարկատուին պիտակավորում են որպես «տգետի» ու խոստանում նրան «ազատել տգիտության ճիրաններից ու հանդարտեցնել»:
Մյուս կողմից՝ ավելի պարզ է դառնում, որ սույն «արշավի» նպատակը ոչ այլ ինչ է, քան քարոզչական հնարք սեփական ընտրազանգվածին մոբիլիզացնելու եւ իրենց քննադատների դեմ հանելու համար։ Օրինակ՝ տիկին Հակոբյանի օգնականը լրատվականների ներկայացուցիչների հետ գալիք հանդիպմանը հրավիրել է մեկ խմբագրի եւ մեկ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, քաղաքական լրագրողի: Թե ինչ են անելու «քաղաքական» լրագրողը կրթությանը նվիրված հանդիպման-քննարկմանը, պարզ է դառնում: Ուրեմն, այն ոչ թե կրթական, այլ քարոզչական, այն է՝ իդեոլոգիա տարածելու միջոցառում է, դրա համար ոչ թե կրթական հարցերով, միգուցե գիտություն ու կրթություն լուսաբանող, մասնագիտացած լրագրող է պետք իրենց, այլ հենց «քաղաքական»՝ հասկացեք քարոզչական։ Որովհետեւ իրենք էլ գիտեն, որ զբաղվում են ոչ թե կրթության հանրահռչակմամբ, այլ քաղաքական քարոզչությամբ, եւ ըստ այդմ էլ իրենց քաղաքական լրագրող ու խմբագիր է պետք, որոնք կուղղորդեն եւ կհամակարգեն արշավի «ճիշտ» լուսաբանումը ընդդեմ իրենց քննադատող տգետ զանգվածների եւ նրանց կազատեն «տգիտության ճիրաններից»։ Որպեսզի արդյունքում «տգետ զանգվածներն» այլեւս չհամարձակվեն քննադատել վարչապետին ու նրա տիկնոջը: Որովհետեւ մերօրյա Հայաստանում կրթությունն ու գիտելիքը պետք են, որպեսզի «շարքային» քաղաքացին երկրպագի իշխանությանը առանց կասկածի ու երկմտանքի, եւ, Աստված չարասցե, քննադատեն ու կասկածեն իրենց առաջնորդների ճշմարիտ ուղուն եւ իրական Հայաստանի փրկության ճանապարհին:
Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։