Բաքվում դեկտեմբերի 24-ին հանդիպել են Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ եւ ցամաքային զորքերի հրամանատար Հիքմեթ Միրզոեւը եւ Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Սելչուք Բայրաքթարօղլուն։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները։ Բացի այդ՝ կարեւորվել է համատեղ վարժանքների անցկացման ինտենսիվության ավելացումը։
Նշենք, որ նախօրեին էլ գեներալ Բայրաքթարօղլուին ընդունել էր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ Այդ հանդիպման ընթացքում էլ նշվել էր 2021 թվականին Անկարայի եւ Բաքվի միջեւ ռազմական փոխօգնության տրամադրման վերաբերյալ Շուշիի հռչակագրի իրագործմանն առնչվող համապատասխան միջոցառումների կարեւորությունը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդման համաձայն՝ Հասանովը հանդիպմանը հայտարարել էր, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմավարական գործընկերությունը մեծ դեր ունի տարածաշրջանի խաղաղության եւ կայունության ապահովման գործում։