Սիրիայի տարածքում գործող բոլոր ռազմականացված խմբավորումները ինքնալուծարման եւ երկրի պաշտպանության նախարարության մաս դառնալու որոշում են կայացրել։ Այդ մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։
Հաղորդվում է, որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Սիրիայի նոր իշխանությունների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի (Աբու Մուհամմադ ալ-Ջուլանիի) եւ քաղաքացիական պատերազմի ընթացքում մշտական բանակային ուժերի դեմ մարտական գործողություններին մասնակցած խմբավորումների հրամանատարների հանդիպման ժամանակ։
Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Ալ-Շարաան հայտարարել էր, որ ռազմականացված կազմավորումներ Սիրիայի տարածքում կարող են գոյություն ունենալ միայն երկրի պաշտպանության նախարարության հովանու ներքո: Նրա խոսքով՝ խմբավորման հրամանատարների մեծ մասը համաձայնել էր այս պայմանին նույնիսկ նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին ենթակա կառավարական ուժերի դեմ ռազմական գործողության մեկնարկից առաջ։
Սիրիայի նոր իշխանությունների առաջնորդն այնուհետեւ ընդգծել է, որ «թույլ չի տա զենքի անվերահսկելի շրջանառություն» երկրում, քանի որ «հեղափոխության փուլում կարող են գոյություն ունենալ տարբեր զինված կազմավորումներ, բայց երբ խոսքը վերաբերում է պետությանը, նրանց գործունեությունը պետք է կարգավորվի»։
Նախօրեին հայտնի դարձավ, որ Սիրիայի անցումային կառավարությունում պաշտպանության նախարար է նշանակվել Մուրհաֆ Աբու Կասրան, որը հայտնի է նաեւ Աբու ալ-Հասան ալ-Համավի մականունով։ Նա դեկտեմբերի սկզբին տարբեր ընդդիմադիր ուժերին միավորող Ալ-Ասադի վարչակազմի տապալմանը հասած «Ռազմական գործողությունների գլխավոր հրամանատարության» ամենանշանավոր անդամներից է։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 27-ին Սիրիայի հյուսիս-արեւմուտքում հակակառավարական ուժերի սկսած հարձակման հետեւանքով Բաշար ալ-Ասադի կառավարությունը երեք օրվա ընթացքում կորցրեց Հալեպը։ Արդեն դեկտեմբերի 5-ին ընկավ Համան, իսկ 7-ին՝ Հոմսը։ Զուգահեռաբար սիրիական բանակը Դեյր ալ-Զոր քաղաքի վերահսկողությունը հանձնել էր քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կազմավորմանը՝ փորձելով ամրացնել հարձակվող ապստամբների դեմ պայքարող մյուս ստորաբաժանումները։
Այս նույն ժամանակահատվածում դեկտեմբերի 6-ից արդեն զինված ապստամբություններ էին բռնկվել նաեւ Սիրիայի հարավային Դերա նահանգում։
Դեկտեմբերի 8-ին ապստամբները գրավեցին մայրաքաղաք Դամասկոսը եւ հայտարարեցին Բաշար ալ-Ասադի 24-ամյա իշխանության տապալման մասին։ Սիրիայի վարչապետ Մուհամմադ Ղազի ալ-Ջալալին իր պատրաստակամությունն էր հայտնել հանրապետությունում իշխանության խաղաղ փոխանցման համար։
Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը հունվարից գլխավորում էր, այսպես կոչված, «Սիրիայի փրկության կառավարությունը»՝ ձեւավորված Իդլիբ նահանգում ընդդիմության կողմից, նշանակվեց Սիրիայի անցումային կառավարության ղեկավար։
Անցումային շրջանը Սիրիայում կտեւի մինչեւ 2025 թվականի մարտի 1-ը։