ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Այդ մասին հայտնել է անձամբ վարչապետը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով, որ պատճառը նախորդ օրերին ունեցած քովիդի դրական ախտորոշումն է։
«Երկուշաբթի՝ դեկտեմբերի 23-ին, քովիդի դրական ախտորոշում եմ ունեցել: Դեկտեմբերի 23-ին եւ 24-ին մեկուսացել եւ աշխատել եմ կեցավայրից: Դեկտեմբերի 25-ին ախտորոշումս արդեն բացասական է եւ վերադառնում եմ աշխատանքային սովորական ռեժիմի:
Այսուհանդերձ, նաեւ խորհրդակցելով գործընկերների հետ, չեմ մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին»,- գրել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը նաեւ ավելացրել է, որ մինչեւ օրվա վերջ որոշում կկայացնի վաղը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ: