Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է 20 միլիարդ դոլար վարկի մաս կազմող առաջին մեկմիլիարդանոց տրանշը, որը փակվելու է ռուսական արգելափակված ակտիվներից ստացված եկամուտներով։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Դենիս Շմիգալը։
«Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանի բոլոր ինքնիշխան ակտիվները կբռնագրավվեն եւ կօգտագործվեն Ուկրաինայի վերականգնման համար»,- Տելեգրամում գրել է Ուկրաինայի վարչապետը։
Ռուսական ակտիվներից ստացված եկամուտներով ապահովված 20 միլիարդ վարկի հատկացման մասին ԱՄՆ իշխանությունները հայտարարեցին դեկտեմբերի 10-ին։ Միջոցները Ուկրաինային փոխանցվում են ոչ թե ուղղակիորեն, այլ Համաշխարհային բանկի հատուկ հիմնադրամի միջոցով։
Պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանի Դաշնության սուվերեն ֆոնդերը արգելափակվել են Արեւմուտքի դեպոզիտարիաներում։ Երկար ժամանակ ակտիվ քննարկվում էր դրանց ամբողջական բռնագրավումը, սակայն դրա համար իրավական հիմք չկար։ Արդյունքում G7-ի երկրները համաձայնեցին վարկեր տրամադրել Ուկրաինային եւ ապահովել այդ վարկերը սառեցված ակտիվների ներդրումից ստացված եկամուտներից։
Առաջին փուլում G7-ը համաձայնության է եկել ընդհանուր 50 միլիարդ դոլարի վարկի տրամադրման շուրջ։ Դրանից 20 միլիարդը տրամադրում է ԱՄՆ-ը, սպասվում է, որ եւս 18 միլիարդ կտրամադրի Եվրամիությունը։