Միացյալ Նահանգների անվտանգային աջակցությունը, որը տրամադրվում է ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ադրբեջանին, ուղղված է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ուժերի հետ փոխգործակցության ամրապնդմանը՝ բարելավելու բանակի պրոֆեսիոնալիզմը, ինչպես նաեւ Իրանի հետ երկու երկրների սահմանի ամրապնդմանը։ Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով ԱՄՆ-ից Հայաստանին ռազմական աջակցության տրամադրման մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունների վերաբերյալ «Ազատության» հարցմանը։
Հիշեցնենք, որ ռուսական պետական հեռուստաալիքներին տված իր վերջին հարցազրույցում Ալիեւը պնդել էր, թե Ֆրանսիան ու Հնդկաստանը չեն թաքցնում, որ Հայաստանին մահաբեր զենք են մատակարարում, իսկ ԱՄՆ-ը չի խոստովանում, սակայն Բաքուն հետեւել է ամերիկյան ռազմական բեռնատար ինքնաթիռներին, որոնք վայրէջք են կատարել հայկական օդանավակայաններում ու զինամթերք տեղափոխել։
Ո՛չ Երեւանը, ո՛չ Վաշինգտոնը երբեւէ չեն հայտարարել զինամթերքի մատակարարման մասին։ Ի՞նչ զինամթերքի մասին է խոսում Ալիեւը, եւ արդյո՞ք իրականությանը համապատասխանում է նրա պնդումը. «Ազատության» այս հարցին Պետդեպարտամենտի խոսնակն ուղիղ չի պատասխանել, միայն նշել է. «Միացյալ Նահանգները Հայաստանին ու Ադրբեջանին իր անվտանգային աջակցությունն այնպես է հաշվարկում, որպեսզի վստահ լինի, որ այն հարձակողական նպատակներով կիրառելի չէ ու չի խաթարում կամ խոչընդոտում կայուն եւ արժանապատիվ խաղաղության շուրջ բանակցությունների շարունակական ջանքերը»։
Մեթյու Միլլերը նաեւ շեշտել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շարունակական շփումներին՝ աշխատելու հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։