ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների համատեղ այցելությունը Շուշի։ «Հատկանշական է, որ այս այցելությանը նախորդել էր բռնի կերպով տեղահանված հայկական բնիկ բնակչության կրոնական եւ պատմամշակութային ժառանգության ավերումը, այդ թվում` Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ուժերի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում եւ դրանից հետո թիրախավորված Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի սրբապղծումը եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի ամբողջական ոչնչացումը»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
ՀՀ արտգործնախարարությունը հայտարարել է, որ նման սադրիչ գործողությունները հստակորեն բացահայտում են Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ պաշտոնական Անկարայի եւ Բաքվի կողմից հնչող հայտարարությունների կեղծ եւ ապակողմնորոշող բնույթը։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը եւս մեկ անգամ շեշտել է, որ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական վերջին ագրեսիայի հետեւանքների վերացումը պետք է իրականացվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման շրջանակներում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո։
Արցախի արտաքին գործերի նախարարությունը եւս խստագույնս դատապարտել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ու նրա ընտանիքի ուղեկցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի եւ նրա ընտանիքի անդամների այցը Արցախի պատմական մայրաքաղաք Շուշի, որը Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից ավերվել է 1920 եւ 2020 թվականներին՝ նշելով, որ այդ այցը միջազգային իրավունքի կոպտագույն խախտման, մարդատյացության, ցեղասպան ու ահաբեկչական քաղաքականության վառ դրսեւորում է։
Միեւնույն ժամանակ, ըստ թուրքական «Անադոլու» գործակալության, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ այցելելով ադրբեջանական վերահսկողության տակ անցած Շուշի, այնտեղ երկկողմ համագործակցության մասին հռչակագիր է ստորագրել։
Երկու երկրների ղեկավարների հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահը հայտարարել է մոտ ժամանակներս Շուշիում հյուպատոսարան բացելու իրենց մտադրության մասին: