Մեկուկես տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ Երեւանից Բաթում է մեկնել 61 ուղեւորներով արագընթաց գնացքը։
Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ առաջին գնացքով Թբիլիսի է ուղեւորվել նաեւ «Հարավկովկասյան երկաթուղու» ղեկավարությունը, որը մտադիր է վրացական կողմի հետ բանակցել Սադախլո-Թբիլիսի հատվածում արագության ավելացման շուրջ: Դա թույլ կտա նոր վագոններին գծի ամբողջ երկայնքով արագություն զարգացնել մինչեւ արագընթաց գնացքի հնարավորություններին համապատասխանող ցուցանիշը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ուղեւորափոխադրումների տնօրենության պետ Գագիկ Մովսեսյանը հայտնել է, որ ուղեւորները Բաթում կհասնեն 16 ժամում: Գնացքի միջին արագությունը 53 կմ/ժ է: Ընդ որում՝ Երեւանից Գյումրի հատվածում գնացքը մինչեւ 100 կմ/ժ արագություն է զարգացնում։
Մովսեսյանը «Սպուտնիկ Արմենիայի» թղթակցին ասել է, որ օրերս ստացել են ցնցուղով, 2 բիոզուգարաններով, ինչպես նաեւ օդի եւ խմելու ջրի մաքրման համակարգերով հագեցած ժամանակակից վագոններ, եւս 12 վագոն ճանապարհին է։
Մովսեսյանը նշել է, որ 2019-ի ամռանը փոխադրվել է 59 հազար ուղեւոր, ինչը 2018-ի նույն ցուցանիշով 6 անգամ ավելի է. 2018-ին ուղեւորահոսքը կազմել է ընդամենը 9 հազար մարդ:
Մովսեսյանը նշել է, որ տոմսերի թանկացման հիմնական պատճառը շվեյցարական ֆրանկի արժեզրկումն է. բանն այն է, որ ամբողջ աշխարհում հենց շվեյցարական ֆրանկով է պայմանավորվում երկաթուղային հաղորդակցության գինը։
«2019-ին 1 ֆրանկը 473 դրամ էր, 2021-ին՝ 579 դրամ։ Արդյունքում տոմսերը 4-5 հազար դրամով թանկացել են»,- նշել է Մովսեսյանը։
Գնացքներն ամեն օր Երեւան-Թբիլիսի-Բաթում-Երեւան երթուղիով կշարժվեն մինչեւ հոկտեմբերի 1-ը: