Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձի հեռարձակման առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Հանրային հեռուստաընկերության միջեւ որեւէ քննարկում տեղի չի ունեցել, չնայած որ, հեռուստահաղորդումների ծրագրի ազդագրի համաձայն, այն նախատեսվում է հեռարձակել դեկտեմբերի 31-ին՝ 21:55-ին։ Այդ մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
«Հեռուստաընկերությունը շարունակում է շրջանցել Ամենայն Հայոց Կաթողիկոսների ամանորյա ուղերձի հեռարձակման՝ տասնամյակների ավանդույթը՝ անտեսելով Մայր Աթոռի դիրքորոշումն ու Հայոց Եկեղեցու հայրենաբնակ եւ աշխարհասփյուռ հավատացյալների պահանջներն ու սպասումները։ Հեռուստաընկերության որդեգրած գործելաոճի պայմաններում Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը»,-ասվում է Մայր Աթոռի հայտարարության տեքստում։
Նաեւ նշվում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Մայր Աթոռին հասանելի լրատվամիջոցներով կհեռարձակվի Ամանորի գիշերը՝ նախընթաց տարիների ավանդույթով սահմանված ժամին: