Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռի կործանման պատճառը եղել է ռուսական «երկիր-օդ» հրթիռով խոցումը։ Այդ մասին գրում է Euronews-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի կառավարության աղբյուրներին։
Լրատվականի զրուցակիցների խոսքով՝ Բաքվից Գրոզնի թռչող 8432 չվերթի ուղղությամբ հրթիռն արձակվել է Չեչնիայի մայրաքաղաքի երկնքում «անօդաչու թռչող սարքի օդային գործունեության» ժամանակ։ Հրթիռը պայթել է ինքնաթիռի մոտ՝ վնասելով դրա արտաքին ծածկը։
Euronews-ի աղբյուրների համաձայն՝ խոցված ինքնաթիռի անձնակազմը վթարային վայրէջք է խնդրել, սակայն ռուսական որեւէ օդանավակայանում այդպես էլ վայրէջքի թույլտվություն չի ստացել, փոխարենը կարգադրվել է Կասպից ծովի վրայով ուղղություն վերցնել դեպի Ակտաու։ Հաղորդվում է, որ ծովի վրայով թռիչքի ամբողջ ընթացքում խոտանվել են օդանավի GPS ուղղորդող համակարգերը։
Դեկտեմբերի 25-ին Ակտաուի մոտ տեղի ունեցած ավիավթարից հետո սոցցանցերում տեսանյութեր են հայտնվել, որտեղ երեւում են «Ադրբեջանական ավիաուղիներին» պատկանող կործանված ինքնաթիռի վնասված հատվածները՝ նմանվող զենիթահրթիռային համալիրի բեկորներից առաջացած հետքերի։ Թե կոնկրետ ինչ տեսակի հրթիռից կարող է խոցված լինել ինքնաթիռը, չի նշվում։ Միեւնույն ժամանակ հայտնի է, որ վթարից առաջ ինքնաթիռի վայրէջքի գոտում գործել են ռուսական ՀՕՊ ուժերը՝ փորձելով հետ մղել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումները։
Նախօրեին ռուսական Baza տելեգրամյան ալիքը գրել էր, որ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը թռիչքային երթուղին փոխել էր Չեչնիայի օդային տարածքում հայտնաբերված ուկրաինական ԱԹՍ-ների պատճառով։
Ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվել է 38 մարդ։ Ընդհանուր առմամբ, օդանավում եղել է 67 մարդ՝ ներառյալ անձնակազմի 5 անդամները։