2025 թվականից մայրաքաղաքում աղբահանության եւ սանիտարական մաքրման վճարը կթանկանա: Մինչեւ հիմա աղբահանության ծառայության համար քաղաքացիները վճարում էին 200 դրամ՝ ըստ տվյալ բնակարանում (կամ տանը) ապրող անձանց քանակի։ 2025-ից այն կհաշվարկվի ըստ բնակարանի մակերեսի. 1 քմ-ի դիմաց՝ 13 դրամ:
2024 թվականի դեկտեմբերի 24-ին Երեւանի 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ընթացքում Երեւանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետ Դավիթ Հակոբյանը, հղում անելով վիճակագրական կոմիտեի 2023-ի տվյալներին, նշեց՝ Երեւանում 251 635 բնակարան կա, որից 52 641-ը՝ մեկ, 85 073-ը՝ երկու, 91 829-ը՝ 3, եւ 22 092-ը՝ չորսսենյականոց եւ ավելի։
«Միջինում մեկսենյականոց 35 քմ մակերեսով բնակարաններում ապրում է 1-3 անձ։ Եվ եթե այս պահին 2 անձի համար վճարվում է 400 դրամ, փոփոխության դեպքում վճարումը կկազմի 455 դրամ, այդ նույն սկզբունքով երկուսենյականոցի համար 600 դրամի փոխարեն՝ 689 դրամ, 900 դրամի փոխարեն՝ 975 դրամ, 1200 դրամի փոխարեն՝ 1287 դրամ։ Սա վերաբերում է բնակարաններին։ Իսկ անհատական բնակելի տների մասով աճը մի փոքր ավելի է լինում. միջինում՝ 180 դրամ»,- ասաց Հակոբյանը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, անդրադառնալով աղբահանության եւ սանիտարական մաքրման վճարի թանկացմանը, նշում է․ «Աղբը մարդն է գեներացնում, ոչ թե քառակուսի մետրը: Դա էր պատճառը, որ աղբահանության վարձը բնակարանում փաստացի բնակվողների թվով էր հաշվարկվում: Աղբահանության վարձը տան մակերեսի հետ կապելը մի նպատակ ունի՝ թանկացնել այդ ծառայությունը: Հայաստանցիները երկրից հեռանում են, իսկ տները մնում են: Հայտնի փաստ է, որ հաշվառվածների (գրանցվածների) թիվը գերազանցում է փաստացի բնակվողների թիվը: Դե, քաղաքապետարանն էլ որոշել է դրա վրա ձեռքերը տաքացնել: Իսկ ծախսի տեղ կա ու կա՝ պադավատներ, կռուիզներ… ո՞րն ասես»։
Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության պատգամավոր Քրիստինա Վարդանյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է՝ չհիմնավորված թանկացումները կարող են երեւանցիների շրջանում դժգոհության ալիք բարձրացնել։
«Թանկացումների շարան ենք տեսնում։ Ընդ որում՝ այս թանկացումների մեծ մասը հիմնավորված չէ։ Դա ապացուցված է նաեւ դատարանի որոշմամբ․ ինչպես հայտնի է, կարմիր գծերի վճարումը շեշտակի թանկացնելու՝ Երեւանի ավագանու որոշումը դատարանն անվավեր ճանաչեց»,- ասում է Քրիստինա Վարդանյանը։
Հիշեցնենք՝ Երեւանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցությունը պայքարում էր կարմիր գծերի՝ ավտոկայանատեղիներում կայանելու թանկացման դեմ եւ դիմել էր դատարան։ Դեկտեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Երեւանի ավագանու կողմից ընդունված եւ 2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած՝ քաղաքի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանված դրույքաչափերը սահմանելու մասին որոշումը։
Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն օրերս ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց՝ դատարանի որոշումն ուժի մեջ չի մտել եւ սահմանված մեկամսյա ժամկետում քաղաքապետարանի կողմից բողոքարկվելու է։ «Հետագա մանիպուլյացիաներից խուսափելու համար հայտնում ենք՝ 1. Դատարանի որոշումն ուժի մեջ չի մտել եւ սահմանված մեկամսյա ժամկետում քաղաքապետարանի կողմից բողոքարկվելու է։ 2. Նախկինում վճարված գումարները վերադարձման ենթակա չեն անգամ դատարանի կողմից ընդունված որոշումն ուժի մեջ մտնելու դեպքում»,- նշեց Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակը։
Քրիստինա Վարդանյանն ասում է՝ աղբահանության ոլորտում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, սակայն քաղաքային իշխանությունը որոշել է աղբահանության եւ սանիտարական մաքրման համար ավելի շատ գումար գանձել։
«Աղբահանության եւ սանիտարական մաքրման համար գումարը գանձվել է ըստ տվյալ բնակարանում ապրող անձանց քանակի, որովհետեւ բնակիչն է աղբը գոյացնում, ոչ թե բնակարանի քառակուսի մետրը։ Թանկացման հետ կապված այս որոշումը խելամիտ չէ։ Գումարի գանձման համար միշտ եղել է գնագոյացման սխեմա, այսինքն՝ հեծանիվ հնարել պետք չէ։ Բնակարանի եւ արտադրական տարածքի դեպքում տարբեր սկզբունքներով են հաշվարկում աղբահանության եւ սանիտարական մաքրման վճարի չափը։ Սա ուղղակի թանկացման հերթական շղթա է, որը բերել է քաղաքային իշխանությունը»,- ասում է Քրիստինա Վարդանյանը։
Ըստ նրա՝ ցանկացած որոշում, որը հիմնավորված չէ, կարելի է վիճարկել դատարանում (ինչպես եղավ կայանատեղիների՝ կարմիր գծերը թանկացնելու պարագայում), որպեսզի որոշում կայացվի հօգուտ երեւանցիների։
«Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի փոխնախագահ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը աղբահանության եւ սանիտարական մաքրման համար գանձվող վճարի չափն ավելացնելը որակում է «աբսուրդ եւ անտրամաբանական որոշում»։
«Ամեն ինչ անում են, որ մարդկանց գրպանը մտնեն։ Գնագոյացման, հաշվարկման այս մեթոդն ուղղակի խայտառակություն է։ Եթե բնակարանի քառակուսի մետրով հաշվեն ու գումար գանձեն, մեծ գումարներ են ստացվելու։ Ընդ որում՝ սա միակ թանկացումը չէ, բայց չեն էլ փորձում այս կամ այն ոլորտում եղած խնդիրները լուծել։ Փոխարենը տեսնում ենք թանկացումներ ծառայությունների ոլորտում, կոմունալ վճարումներն ու պարենը եւս թանկացել են։ Եվ այս ամենին զուգահեռ մարդկանց աշխատավարձերը, կենսաթոշակները չեն բարձրանում, բայց պաշտոնյաները պարբերաբար պարգեւավճարներ են ստանում»,- ասում է Սյուզաննա Չիլինգարյանը։
Հանրապետությունում առկա մոտ 300 աղբավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաքում գտնվողները, չեն համապատասխանում միջազգային քաղաքաշինական, բնապահպանական եւ սանիտարահիգիենիկ չափանիշերին․ դրանք պարզապես աղբի կուտակման վայրեր են: Մեր երկրում գործող աղբավայրերում չկա ստորգետնյա ջրերի եւ արտանետվող գազերի վերահսկողություն։ Աղբավայրերը հիմնականում չեն համապատասխանում հիգիենիկ եւ սանիտարական ստանդարտներին եւ շահագործվում են չհամակարգված։ Ամռանը Նուբարաշենի աղբավայրը երբեմն այրվում է, աղտոտում մթնոլորտային օդը, որը վնասակար է քաղաքացիների առողջության համար։
Սյուզաննա Չիլինգարյանը հիշեցնում է՝ տարիներ շարունակ լսում ենք՝ Երեւանում Նուբարաշենի աղբավայրը փակվելու է, փոխարենը նորն է կառուցվելու, բայց այդպես էլ գործնական քայլեր չենք տեսնում։ Ըստ Չիլինգարյանի՝ քաղաքային իշխանությունը թանկացման մասին խոսելիս գոնե հարկ չի համարում նշել, թե հավաքված գումարներով ինչ աշխատանքներ են կատարելու այդ ոլորտում։
«Օրինակ՝ կարող են հստակ ասել՝ երբ նոր աղբավայրեր կունենանք։ Նույնն էլ եղավ կարմիր գծերի պարագայում․ առանց նոր կայանատեղեր ստեղծելու, առանց ոլորտը բարելավելու թանկացնում էին»,- ասում է Սյուզաննա Չիլինգարյանը։
Ըստ նրա՝ աղբահանության վճարի այս անհիմն որոշումը պետք է դատարանում վիճարկել, բայց դա անհատները չեն կարող անել, քանի որ դատական ծախսեր կան։ Բացի դրանից՝ դատարանները ծանրաբեռնված են, ուստի դատարան դիմելուց հետո անհրաժեշտ կլինի գուցե տարուց ավելի սպասել դատարանի որոշմանը, եւ ի վերջո չի բացառվում, որ դատարանի որոշումը չլինի հօգուտ քաղաքացու։ Սակայն կան կառույցներ, քաղաքական միավորներ, որոնք կարող են թանկացման այս որոշումը վիճարկել դատարանում, եւ արդեն իսկ հարկավոր է սկսել զբաղվել այդ հարցով։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։