Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է նոր օրենքը, որը թույլ կտա որոշ կազմակերպություններ բացառել ահաբեկչական համարվող կազմակերպությունների ցուցակից։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
Փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանում ահաբեկչական ճանաչված կազմակերպության գործունեության արգելքն առաջարկվում է վերացնել գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի հայցի հիման վրա դատարանի որոշմամբ։
Նման որոշման համար պետք է լինեն «փաստացի ապացույցներ, որ նման կազմակերպությունը նշված ցուցակում ընդգրկվելուց հետո դադարեցրել է ահաբեկչությունը խթանելու, արդարացնելու եւ աջակցելու գործունեությունը»։
Օրինագիծը Պետդումա է ներկայացվել նոյեմբերի վերջին։ Դեկտեմբերի 10-ին այն ընդունվել է առաջին ընթերցմամբ, դեկտեմբերի 17-ին՝ երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ։
Ենթադրվում է, որ օրենքն ընդունվել է 2021 թվականին Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբան» շարժումը ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից հանելու համար։
Ռուսաստանի իշխանությունները վերջին տարիներին բազմիցս են խոսել թալիբներին ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից հանելու ծրագրերի մասին։ Մասնավորապես, 2021 թվականի հոկտեմբերին՝ Աֆղանստանից ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի դուրսբերումից եւ երկրում թալիբների իշխանության հաստատումից հետո, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Մոսկվան մոտենում է «Թալիբանին» ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից հանելու որոշմանը, սակայն դա նախ պետք է անի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։
«Թալիբան» շարժումը ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից հանելու հարցը քննարկելու մասին բազմիցս հայտարարել է նաեւ Ռուսաստանի արտգործնախարարությունը։