Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկել է կրճատել աշխատաժամանակը՝ դարձնելով օրական 8-ից 7, շաբաթական 40-ից 35 ժամ՝ պահպանելով աշխատավարձը։ Համապատասխան նախագիծը տեղադրված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում։
Նախագիծը դեկտեմբերի 27-ի դրությամբ ստացել է 881 կողմ եւ 37 դեմ ձայներ։ Այն շրջանառության մեջ կմնա մինչեւ 2025 թվականի հունվարի 7-ը։
Այս նախագծի ընդունվելու դեպքում ակնկալվում է, որ աշխատող անձինք ավելի շատ հանգստի ժամանակ կունենան, կկարողանան ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնել, հնարավորինս կնվազեն սթրեսը, լարվածությունը, գերհոգնածությունը, քաղաքացիներն անձնական խնդիրների լիարժեք լուծման եւ ինքնազարգացման համար ավելի շատ ժամանակ կունենան։
Ակնկալվում է նաեւ, որ նախագծի ընդունվելու դեպքում նոր աշխատատեղեր կավելանան թե՛ պետական, թե՛ մասնավոր սեկտորում։ Ութժամյա աշխատանքային օրվան անցումը տեղի է ունեցել դեռեւս 19-րդ դարի կեսերին։ Սակայն ժամանակի ընթացքում տեխնոլոգիական զարգացումներն ու փոփոխությունները նպաստել են բազմաթիվ գործընթացների ավտոմատացման։ Այս գործընթացները հաշվի առնելով՝ տարբեր երկրներում (օրինակ՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեդիայուն, Բելգիայում, Ավստրիայում, Նորվեգիայում, Իսլանդիայում) արդեն իսկ ներդրվել է ճկուն ռեժիմ՝ կրճատելով աշխատաժամանակը։ Աշխատաժամանակի կրճատումն ունի տարբեր մոդելներ։ Որոշ երկրներում աշխատանքային օրվա տեւողությունն է կրճատվում, մյուսներում՝ շաբաթական աշխատանքային օրերի քանակը։
Միջազգային փորձը եւ որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ շաբաթական աշխատաժամանակի կրճատումը բացասաբար չի ազդում տնտեսության վրա, ավելին՝ այն նպաստում է արտադրողականության աճին եւ դրական ազդեցություն թողնում կյանքի որակի վրա՝ հավասարակշռելով աշխատանք-անձնական կյանք հարաբերակցությունը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ երկարատեւ աշխատանքային ժամերը կարող են հոգեկան ու ֆիզիկական առողջության վրա բացասաբար ազդել՝ առաջացնելով սրտանոթային հիվանդություններ, խթանել դեպրեսիան ու սթրեսը։ Հատկապես «սթրեսային մասնագիտությունների» դեպքում երկարատեւ աշխատաժամերը կարող են ջլատել մարդուն։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է` ըստ տնտեսագիտական հետազոտությունների՝ աշխատանքային ժամերի կրճատումը կարող է բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը աշխատողների ավելի արդյունավետ աշխատանքի միջոցով։ Այն նաեւ կարող է ստեղծել նոր աշխատատեղեր՝ որպես ընդհանուր տնտեսական միտում։
Արագածոտնի մարզի Արշտարակ խոշորացված համայնքի Ոսկեվազ բնակավայրի մանկապարտեզի փոխտնօրեն Ամալյա Դավթյանը կարծում է՝ այս որոշումը դրական ազդեցություն կունենա աշխատողների կյանքում, քանի որ հատկապես ակտիվ աշխատանքային առօրյա ունեցող մարդկանց համար ութժամյա գրաֆիկը հաճախ հոգնեցնող է։
Ըստ նրա՝ անշուշտ, յոթժամյա գրաֆիկով աշխատելու դեպքում մարդն ավելի արդյունավետորեն կաշխատի․ ավելի քիչ կհոգնի, նրա արտադրողականությունն էլ բարձր կլինի:
«Իհարկե, եթե այս նախագիծն ընդունվի, որոշ աշխատավայրերում, գուցե, ցայտնոտային իրավիճակ լինի, գործատուները մտածեն՝ ինչպես պետք է բաշխել աշխատանքը, որ նախկինի պես այն իր հունով ընթանա, բայց վստահ եմ՝ եթե կազմակերպչական, մարքեթինգային աշխատանքները նորմալ ընթանան, այս խնդիրներն արագորեն կարելի է լուծել ու բնականոն ընթացքով շարունակել աշխատանքը։ Եվրոպական տարբեր երկրներում յոթժամյա աշխատանքային գրաֆիկը ընդունելի է եւ արդյունավետ»,- նշում է Ամալյա Դավթյանը։
Իրավաբան Վիկտորյա Պետրոսյանը նշում է՝ գաղտնիք չէ, որ մեր երկրում հաճախ են գործատուները պահանջում, որ աշխատողներն ավելի երկար աշխատաժամանակով աշխատեն՝ չստանալով հավելավճար, աշխատանքային պայմանագիր չեն կնքում կամ կնքում են, սակայն խախտում դրա դրույթները, իսկ աշխատողներից շատերը հանդուրժում են այս ամենը, քանի որ մեր երկրում աշխատանք գտնելը հեշտ չէ։
Պետական եկամուտների կոմիտեի՝ «Ալիք Մեդիային» տրամադրած տվյալների համաձայն՝ 2021 թվականին 1163 հարկ վճարողի մոտ 1188 դեպքով հայտնաբերվել է 2200 չգրանցված աշխատող, 2022-ին՝ 1410 հարկ վճարողի մոտ 1441 դեպքով 2326 չգրանցված աշխատող։ Այսինքն՝ ըստ էության, այս գործատուներն աշխատողների հետ աշխատանքային պայմանագիր չեն կնքել։
Ըստ իրավաբանի՝ եթե այս նախագիծն ընդունվի, պետական հաստատություններում կկարողանան արագ անցում կատարել այս նոր մոդելին, իսկ մասնավոր բազմաթիվ ընկերություններում կարող են որոշակի խնդիրներ առաջանալ։
«Գաղտնիք չէ, որ ՊԵԿ-ը հաճախակի ստուգումներ է անում ու պարզում՝ բազմաթիվ գործատուներ աշխատողներին չեն գրանցում, էլ ուր մնաց՝ այդ գործատուները հարգեն օրենքն ու համաձայնեն, որ աշխատողը յոթժամյա աշխատանքային գրաֆիկով աշխատի։ Ուստի, պետությունն այս նախագիծն ընդունելուց բացի, պետք է ստուգումներ կատարի՝ գտնելով ու պատասխանատվության ենթարկելով անբարեխիղճ գործատուներին։ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը, կարծում եմ, է՛լ ավելի ակտիվ պիտի աշխատի»,- ասում է Վիկտորյա Պետրոսյանը։
Ըստ նրա՝ եթե Հայաստանը ջանում է եվրոպական ստանդարտներին համապատասխանող երկիր դառնալ ու այդ վեկտորն է ընտրել, ապա, անշուշտ, աշխատաժամանակը կրճատելու նախագիծը պիտի կյանքի կոչվի, իսկ պետությունը պիտի կիրառի բոլոր հնարավոր լծակները, որ այս նախագիծը որոշ դեպքերում չմնա թղթի վրա, կիրարկվի, իսկ քաղաքացիների աշխատանքային իրավունքները հարգվեն։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։