Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ հեռանում է իշխող Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնից։ Նա կշարունակի մնալ երկրի վարչապետի պաշտոնին, քանի դեռ կուսակցությունը չի ընտրել իր իրավահաջորդին։ Նրա հրաժարականի որոշմանը նախորդել էին կուսակցության ժողովրդականության անկումը եւ այլ առաջատար լիբերալների հետ բացահայտ առճակատումները:
Իր որոշման մասին Թրյուդոն հայտարարել է երեքշաբթի առավոտյան կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Կանադական լրատվամիջոցների աղբյուրները պարզաբանել են, որ Թրյուդոն իր հրաժարականի մասին որոշել է հայտարարել Լիբերալ կուսակցության ազգային համագումարից առաջ, որը սկսվելու է չորեքշաբթի։ Այնտեղ որոշվելու է կուսակցության ղեկավարության վերընտրության հարցը, եւ ենթադրվում է, որ Թրյուդոն ցանկացել է խուսափել կուսակիցների անվստահության քվեին արժանանալուց եւ կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռացված լինելու հանգամանքից։
Վերջին շրջանում Լիբերալ կուսակցությունը նկատելիորեն կորցրել է ժողովրդականությունը։ Սոցիոլոգիական հարցումները կանխատեսում են, որ իշխող կուսակցությունը կարող է պարտություն կրել համընդհանուր ընտրություններում, որոնք պետք է տեղի ունենան մինչեւ այս տարվա հոկտեմբեր։
Կուսակցության ղեկավարությունը Թրյուդոն ստանձնել էր 2013 թվականին, իսկ 2015-ին խորհրդարանական ընտրություններում կուսակցության տարած հաղթանակից հետո դարձել էր Կանադայի պատմության ամենաերիտասարդ վարչապետը։
1968-1979 թվականներին եւ 1980-1984 թվականներին Կանադայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել էր նաեւ նրա հայրը՝ Պիեռ Էլիոթ Թրյուդոն։
Կանադայի քաղաքական շրջանակներում արդեն մի քանի շաբաթ է, ինչ լուրեր էին պտտվում Թրյուդոյի մոտալուտ հրաժարականի մասին։
Կուսակցության ներսում վարչապետի վրա գործադրվող ճնշումների մասին հայտնի էր դարձել դեռ նախորդ տարվա ամառվանից, երբ լիբերալները իրենց պահպանողական մրցակիցներից պարտություն կրեցին Տորոնտոյի միջանկյալ ընտրություններում:
Ինչ վերաբերում է հասարակական կարծիքին, ապա 2024 թվականի դեկտեմբերի դրությամբ կանադացիների միայն 22%-ն է հավանություն տվել նրա ղեկավարությանը: Սա 2015 թվականին նրա իշխանության գալուց ի վեր ամենացածր ցուցանիշն է։
Սոցիոլոգիական հարցումներով Կանադայի Պահպանողական կուսակցության առաջնորդ Պիեռ Պուալվերը Թրյուդոյից առաջ է անցել գրեթե 24 տոկոսային կետով, ինչը վկայում է Կանադայի հաջորդ ընտրություններում լիբերալների մեծ պարտության հավանականության մասին: