Ըստ ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմի՝ ՄԻՊ-ի երկու դեպարտամենտների ղեկավարներ Արմեն Մաշինյանն ու Արտյոմ Սեդրակյանը երեկ ընդունել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Էողան Մերֆիի գլխավորած պատվիրակությանը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կարեւորել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից ընտրությունների անաչառ դիտարկումը։
ՄԻՊ-ի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում եւ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը նշել է իր մտահոգությունները քաղաքական ուժերի ու նրանց համակիրների կողմից հնչող ատելության խոսքի, վիրավորանքի ու հայհոյանքների առնչությամբ։
Սեդրակյանը շեշտել է՝ Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումը ցույց է տալիս, որ նման խոսքը տարածվում է սոցիալական ցանցերում, համակիրների շրջանում, ինչն ավելի է մեծացնում լարվածությունը եւ իրական կյանք տեղափոխվելու ռիսկեր է պարունակում։
Պաշտպանի աշխատակազմի Քաղաքացիական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արմեն Մատինյանը ներկայացրել է մշտադիտարկմամբ արձանագրված տվյալները՝ կապված ընտրակաշառք բաժանելու, վարչական միջոցի չարաշահման, այս կամ այն քաղաքական ուժին աջակցելու հիմքով աշխատանքից ազատելու, պաստառների սխալ տեղակայման հետ եւ այլն։
Քննարկվել են նաեւ Պաշտպանին հասցեագրվող՝ ընտրական իրավունքներին առնչվող բողոքները կամ ահազանգերը։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցության՝ ընտրություններին մարդկանց իրավունքները երաշխավորելու նպատակով: