ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի իր առանձնատանը երեքշաբթի հանդես է եկել մամուլի ասուլիսում։
Իր ելույթում Թրամփը քննադատել է ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարչակազմին Ուկրաինայի շուրջ վարած քաղաքականության համար։ Ըստ նորընտիր նախագահի՝ Բայդենի օրոք Սպիտակ տունը բազմաթիվ սխալներ է թույլ տվել Կիեւի՝ ՆԱՏՕ-ի հնարավոր անդամակցության շուրջ բանակցություններում։
Թրամփի կարծիքով Բայդենի վարչակազմը կարող էր սադրել Ռուսաստանին Ուկրաինայի վրա հարձակվելու համար, քանի որ Կրեմլը տեսնում էր Վաշինգտոնի անկարողությունը։ Նորընտիր նախագահն ընդգծել է, որ իր նախագահությունը կսկսվի հակամարտություններով պատված աշխարհում։
Ըստ Դոնալդ Թրամփի՝ մտահոգություններ կան, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը կարող է սրվել եւ «ավելի վատը դառնալ, քան հիմա է»։ Նա կրկին հայտարարել է, որ այս պատերազմը «երբեք չպետք է տեղի ունենար»՝ ընդգծելով, որ եթե ինքը լիներ նախագահ, «սա երբեք չէր լինի»։
Պատասխանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման հնարավորության մասին հարցին՝ Թրամփը պատասխանել է. «Ես չեմ կարող դա ձեզ ասել, բայց գիտեմ, որ Պուտինը կցանկանար հանդիպել»:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի վերջին Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ «առայժմ նախադրյալներ չկան ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման համար»։
Նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը, առանց մանրամասներ նշելու, հայտարարել էր, որ ընտրվելու դեպքում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը ավարտին կհասցնի 24 ժամում։ Սակայն նախօրեին կայացած ասուլիսում հայտարարել է, որ հույս ունի ռազմական գործողությունները դադարեցնելու վեց ամսվա ընթացքում։
«Գուցե մի քիչ ավելի շուտ։ Ռուսաստանը շատ երիտասարդների է կորցնում, նույնը վերաբերում է նաեւ Ուկրաինային։ Սա ընդհանրապես չպետք է սկսվեր: Նման պատերազմ երբեք չպետք է տեղի ունենար»,- հայտարարել է Թրամփը։
Թրամփը ասուլիսի ժամանակ նաեւ հրաժարվել է Պանամայի ջրանցքի նկատմամբ ԱՄՆ վերահսկողությունը վերադարձնելու եւ Դանիայի տիրապետության տակ գտնվող Գրենլանդիան Վաշինգտոնին ենթարկելու իր նպատակին հասնելու համար ռազմական կամ տնտեսական միջոցների կիրառման հնարավորությունը բացառելուց։
ԱՄՆ ընտրված նախագահին հարցրել են, թե պատրաստ է հրաժարվելու Պանամայի եւ Գրենլանդիայի վրա ճնշումներից։
«Ո՛չ, ես չեմ կարող նման երաշխիքներ տալ։ Բայց մի բան կարող եմ ասել՝ այս տարածքները մեզ պետք են տնտեսական անվտանգության համար»,- պատասխանել է Թրամփը։ Նրա խոսքով՝ «Դանիան պետք է իր կղզին զիջի» Վաշինգտոնին՝ «ազատ աշխարհը» պաշտպանելու համար։
Թրամփը նաեւ խոստացել է Մեքսիկական ծոցը վերանվանել Ամերիկայի ծոց եւ կրկնել է Մեքսիկայից եւ Կանադայից ներմուծվող ապրանքների վրա զգալի մաքսատուրքեր սահմանելու մտադրությունը։