Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի զինվելու գործընթացը, իսկ Ֆրանսիան եւ զենքի մատակարարող մյուս երկրները պետք է խզեն եւ չեղյալ համարեն այդ պայմանագրերը։ Այս մասին նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
«Արդեն Հայաստան ուղարկված զենքերը պետք է վերադարձվեն։ Սա մեր պայմանն է։ Հիմա ով ինչպես ուզում է, թող դա ընկալի։ Ես իմ կարծիքն եմ ասում, եւ նրանք եւ նրանց հետեւում կանգնածները նույնպես գիտեն, որ եթե ինչ-որ բան ասում ենք, շատ լուրջ ենք վերաբերվում դրան»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Ալիեւը նաեւ հիշեցրել է խաղաղության պայմանագրի ստորագրման համար Հայաստանին ներկայացրած պահանջները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում եւ Սահմանադրության փոփոխություն՝ ընդգծելով, որ դրանցում ոչ մի արտառոց բան չկա, եւ որ առանց դրանց խաղաղության պայմանագիր չի կարղ կնքվել։
«Եթե Հայաստանին պետք չէ խաղաղության պայմանագիր, ուրեմն դա մեզ էլ պետք չէ։ Մենք առանց ստորագրելու կկարողանանք ապրել եւ իրականացնել մեր քաղաքականությունը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Հիշեցնենք, որ Հայաստանը բազմիցս է հայտարարել, որ սպառազինություն ձեռք բերվում է բացառապես ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու նպատակով, իսկ մարտունակ բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է։
Մինսկի խմբի լուծարման մասով էլ Երեւանը արդեն հայտարարել է, որ նման գործընթացի շարունակականության հարցը կարող է դիտարկել հարաբերությունների համապարփակ կարգավորման եւ առաջին հերթին՝ խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում։
Ինչ վերաբերում է Սահմանադրությանը, որի մեջ Ադրբեջանը տարածքային պահանջներ է տեսնում իր նկատմամբ, ապա հայկական կողմը բազմիցս է պնդել, որ դրա փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է, եւ որեւէ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չի ներկայացնում։