Դամասկոսում իշխանությունը Բաշար ալ-Ասադի վարչակարգի հակառակորդներին անցնելուց հետո Իրանի զինված ուժերի եւ դրա հետ կապված կազմավորումների զգալի մասը լքել են Սիրիայի տարածքը։ Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը՝ ընդգծելով, որ Սիրիայում իշխանափոխությունից հետո Իրանին ենթակա որոշ ռազմական կազմավորումներ դեռ շարունակում էին տեղակայված մնալ երկրի արեւելքում եւ մասամբ նաեւ մայրաքաղաք Դամասոկսում։
Պարբերականին աղբյուրները հայտնել են, որ ավելի ուշ իրանական հիմնական ուժերը, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) սպաները, տեղափոխվել են Իրաքի Ալ-Քաիմ քաղաք, որը Սիրիայի հետ սահմանի մոտ է։
Արեւմտյան դիվանագետները պատմել են, որ նահանջի ժամանակ իրանցի զինվորականներն ու դաշնակից կազմավորումները Սիրիայում մեծ քանակությամբ զենք ու ռազմական տեխնիկա են թողել։ Իրանական նախկին այս ունեցվածքի մի մասը կա՛մ ոչնչացվել է Իսրայելի ավիահարվածների ժամանակ, կա՛մ բռնագրավվել «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման կողմից:
ԱՄՆ պետքարտուղարի Մերձավոր Արեւելքի հարցերով օգնական Բարբարա Լիֆի խոսքով՝ Սիրիան այժմ դարձել է «թշնամական տարածք» Իրանի համար։ Իրանի եւ Իրաքի դիվանագետները չեն մեկնաբանել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի այս հայտարարությունները։
Նախորդ տարվա դեկտեմբերին «Հայաթ Թահրիր ալ-Շամի» առաջնորդ եւ սիրիական նոր վարչակազմի ղեկավար Ահմադ ալ-Շարաան հայտարարեց, որ Սիրիայից իրանամետ ուժերի հեռանալը «40 տարով հետ է շպրտել Իրանի տարածաշրջանային նկրտումները»: Միաժամանակ Ալ-Շարաան ընդգծել էր, որ Սիրիայից Իրանի հեռանալը կծառայի տարածաշրջանի զարգացման շահերին։
The Wall Street Journal-ը նշում է, որ Սիրիան մեծ դեր է խաղացել Իրանի տարածաշրջանային քաղաքականության մեջ։ Իսլամական Հանրապետության ղեկավարները Սիրիայի տարածքով կարողացել են զենք ուղարկել Լիբանանի «Հեզբոլլահ» շարժմանը՝ զուգահեռաբար հնարավորություն ունենալով նաեւ զգալի թվով ռազմական ուժեր տեղակայելու Իսրայելի սահմանների մոտ։
ԱՄՆ-ը շարունակում է անհանգստանալ, որ Թեհրանը կարող է փորձել օգտագործել իր հին լծակները՝ ազդելու սիրիական նոր ղեկավարության ուղղության վրա, հատկապես որ Սիրիայում իրավիճակը դեռ չի կարելի կայուն անվանել։