Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը իշխող Աշխատավորական կուսակցության կենտկոմի պլենումում հայտարարել է, որ երկրում պարենային կացությունը լարված է։
Աշխարհի ամենափակ երկրներից մեկը համարվող Հյուսիսային Կորեայի ղեկավարը պարենային շուկայում լարվածության գլխավոր պատճառ է համարել կորոնավիրուսի համավարակն ու երկրի տարածքում մոլեգնած թայֆունները։
Կիմ Չեն Ընը միաժամանակ նշել է, որ երկրի տնտեսական վիճակը նախորդ տարվա համեմատ բարելավվել է, արդյունաբերական արտադրանքն աճել է 25 տոկոսով։
Պարենային շուկայում տիրող ծանր կացության մասին երկրի ղեկավարի աննախադեպ խոստովանությունը արեւմտյան փորձագետների համոզմամբ վկայում է սովի վտանգի մասին։
Վերջին անգամ Հյուսիսային Կորեայում զանգվածային սով էր արձանագրվել 90-ականների կեսերին։ Արեւմտյան մարդասիրական կազմակերպությունների որոշ գնահատումներով 1994-1998-ին Հյուսիսային Կորեայում սովամահության դեպքերի թիվը գերազանցում էր 3 միլիոնը։